30 ապրիլի 2025 - 12:42 AMT
ԱՄՆ դատավորը պարտադրել վերականգնել «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը

Վաշինգտոնի դաշնային դատավորը պարտադրել է ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությանը (ԳՄԱ) փոխանցել Կոնգրեսի կողմից արդեն իսկ հատկացված միջոցները «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանին» (ՌԱԶ/ԱՌ)։

Դատավոր Ռոյս Լամբերթը ժամանակավոր արգելանքի որոշում է արձակել՝ հայտարարելով, որ «Կոնգրեսի որոշմամբ հատկացված միջոցները պետք է փոխանցվեն ՌԱԶ/ԱՌ-ին»։ Նա նշել է, որ նախագահ Թրամփը նույնպես ստորագրել է այդ մասին օրինագիծ։ Դատական ակտը վերաբերում է 12 միլիոն դոլարին, որոնք նախատեսված են եղել տրամադրել ապրիլին, հայտնում է «Էխո Կաոկազան»։

Սպիտակ տան ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել դատական որոշումը։

«Այսօրվա որոշումը, որով պարտադրվում է ԳՄԱ-ին տրամադրել ՌԱԶ/ԱՌ-ի տարեկան բյուջեից ամսական գումարը, որն ընդունված է Կոնգրեսի կողմից, նշանակում է, որ մեր լրագրողները կշարունակեն իրենց աշխատանքը՝ բռնապետերին ու բռնակալներին պատասխանատվության ենթարկելու համար, – նշվում է ՌԱԶ/ԱՌ-ի նախագահ Սթիվեն Կապուսի հայտարարության մեջ։ – Մենք ակնկալում ենք անհապաղ ստանալ ապրիլին չտրամադրված միջոցները, քանի որ այդ ամսում ստիպված ենք եղել աշխատակիցներին ուղարկել հարկադիր արձակուրդի և կրճատել ծրագրերը այն տարածաշրջաններում, որոնք կարևոր են ԱՄՆ ազգային անվտանգության համար»։

Մարտին ՌԱԶ/ԱՌ-ի խնամակալ կազմակերպությունը՝ ԳՄԱ-ն, սառեցրել էր մոտ 75 միլիոն դոլար՝ հատկացված ընթացիկ ֆինանսական տարում։ Որոշումը հիմնավորվել է նախագահ Թրամփի հրամանով՝ ուղղված հարկատուների միջոցների անարդյունավետ ծախսի կրճատմանը։

ՌԱԶ/ԱՌ-ն վիճարկել է ԳՄԱ ղեկավարության գործողությունների օրինականությունը Վաշինգտոնի դաշնային շրջանի դատարանում։ Մարտի 25-ին դատավոր Լամբերթը որոշում է կայացրել հօգուտ ռադիոկայանի, սակայն գործակալությունը հրաժարվել է տրամադրել գումարը՝ այն կապելով անընդունելի պայմանների հետ։ Դրա արդյունքում ՌԱԶ/ԱՌ-ն ստիպված է եղել կրկին դիմել դատարան։

«Մենք շարունակելու ենք դատական գործընթացը և համագործակցել ԳՄԱ-ի հետ՝ ապահովելու մնացած ֆինանսական տարվա վճարումները», – ընդգծել է Սթիվեն Կապուսը։

«Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը» անկախ մեդիակորպորացիա է, որի աշխատանքը ֆինանսավորվում է Կոնգրեսի հատկացումներից՝ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության միջոցով։ 2025 թվականի մարտի 14-ին նախագահ Թրամփը ստորագրել է հրաման՝ յոթ պետական գործակալությունների, այդ թվում՝ ԳՄԱ-ի, գործունեության կրճատման մասին։ Դրանից հետո ՌԱԶ/ԱՌ-ի գործունեությունն ապահովող Կոնգրեսի կողմից հաստատված դրամաշնորհը դադարեցվել է։