Ակտիվիստ Արթուր Չախոյանը, որն ավելի վաղ հայտնել էր իր հասցեին սպառնալիքների մասին, գնացել է Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում անցկացվող հանրային քննարկման մասնակցելու։ Մինչ քննարկման մեկնարկը վիճաբանություն է սկսվել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիսիտի միջև։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որին մասնակցել է նաև վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, հայտնում է Factor.am-ը։
Ապրիլի 29–ին Նոր Նորք վարչական շրջանի շենքում Չախոյանն ու ավագանու ընդդիմադիր անդամներն ակցիա էին իրականացնում թաղապետի դեմ, որը, ըստ Չախոյանի, հայհոյանքներով ու սպառնալիքներով է խոսել իր հետ նրա համար, որ բարձրաձայնել է Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներից մեկի աշխատանքների թերությունները։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները Արթուր Չախոյանին բերման են ենթարկել, հայտնում է Aysor.am-ը։
Ոստիկանական պաշտոնյան այլ մանրամասներ չի հայտնել՝ թե ինչու են միայն Չախոյամին բերման ենթարկում, իսկ պաշտոնյաններին՝ մասնավորապես, ծեծի մասնակից Տիգրան Տեր-Մարգարյանին՝ ոչ։
Ասացին, որ Նոր Նորքի ոստիկանության բաժին են տանում Չախոյանին։
«Մինչև վերջ գնալու եմ»,- ոստիկանական մեքենայից հայտարարել է ակտիվիստը։
Ապրիլի 29–ին Նոր Նորքի վարչական շրջանի շենքի առջև, հասարակական գործիչ Արթուր Չախոյանը, ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ միասին, հանդես է եկել հայտարարությամբ՝ խոսելով ենթադրյալ կոռուպցիոն գործարքի մասին։ Նա ընդգծել է, որ թիվ 105 մանկապարտեզի անորակ շինարարությունն իրականացրել է ՔՊ-ի ցուցակով ընտրված անդամին պատկանող «ԼիլիանԱրմ» ՍՊԸ-ն։ Արթուր Չախոյանը հայտնել է նաև, որ հրապարակումից հետո Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը զանգահարել է իրեն՝ հնչեցնելով սպառնալիքներ և հայհոյանքներ:
Դրանից հետո Արթուր Չախոյանն ու Մեսրոպ Մանուկյանը աթնային յոգուրտ են լցրել Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի լուսանկարների վրա։