Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ընդունելով Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին, շնորհակալություն է հայտնել հերթական այցի և Սյունիքին ցուցաբերվող հետաքրքրվածության համար՝ ներկայացնելով վերջին հանդիպումից հետո մարզային տարբեր ոլորտներում գրանցված զարգացումներն ու փոփոխությունները։
Պատրիկ Սվենսոնին հետաքրքրել են հատկապես սոցիալ-տնտեսական բնագավառում իրականացվող նախաձեռնություններն ու դրանց առաջընթացը, որոնք ընթանում են պետական, մասնավոր և միջազգային ներդրումների ներքո։
Սվենսոնը ներկայացրել է շվեդական տարբեր գործակալությունների կողմից առաջիկայում նախատեսվող ծրագրերը։
Ռոբերտ Ղուկասյանը դեսպանի հետ անդրադարձ է կատարել ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին, այդ թվում՝ Սյունիքով անցնող Հյուսիս-Հարավ ճանապարհի հատվածների կառուցմանը, որը համարվում է խոշորագույն նախագիծը։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են մի շարք այլ թեմաներ, որոնք ընդգրկում են ներքաղաքական իրավիճակը, արտաքին հարաբերությունները, անվտանգային խնդիրները և կայուն խաղաղության հասնելու ուղիները։
Դեսպանը նաև ընդգծել է, որ «Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանն աջակցելը շարունակում է մնալ իր երկրի կառավարության առաջնահերթությունների շարքում»։