«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» տվյալներով՝ 2020- 2024 թթ․ ներառյալ, Հայաստանում արձանագրվել է սեռական բռնության 164 դեպք, որոնցից 61-ը վերաբերել է անչափահասների։ Միայն 2024 թվականին գրանցվել է 43 նման դեպք։
Բռնության ենթարկվածներից մոտ 85%-ը՝ այսինքն 140 դեպքով, կանայք են։ Այս հանցագործությունների գերակշիռ մասը՝ 91 դեպք, գրանցվել է մայրաքաղաք Երևանում, իսկ մարզերից առավել բարձր ցուցանիշներ են արձանագրվել Կոտայքում՝ 10 դեպքով, և Արմավիրի ու Լոռու մարզերում՝ յուրաքանչյուրը 9 դեպքով, գրում է «Փաստինֆոն»։
Ապրիլ ամիսը դիտարկվում է որպես սեռական բռնության դեմ պայքարի և իրազեկման հատուկ շրջան։ Այս շրջանակում ապրիլի 29-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը» նախաձեռնել են «Սեռական բռնության հիմնախնդիրը Հայաստանում. վաղ կանխարգելում, արդյունավետ պաշտպանություն և պատշաճ ուղղորդում» խորագրով միջոցառում, որը ներառել է նաև ցուցահանդես։
Միջոցառման նպատակը եղել է հանրությանը ծանոթացնել ոլորտում կատարվող հիմնական քայլերին՝ ներառյալ իրավական բարեփոխումները, պետական կառույցների ներդրած մեխանիզմներն ու կարողությունների զարգացման միջոցառումները։
Ցուցահանդեսում ներկայացվել են 21 անձանց անձնական պատմություններ, որոնք վերապրել են սեռական բռնություն և կիսվել են իրենց հոգեբանական վերականգնման դժվարին ճանապարհով։
Քննարկմանը մասնակցել են ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը, ինչպես նաև պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ։
«Այսօրվա միջոցառմանը ներկայացված են նաև սեռական բռնության ենթարկված անձանց պատմություններ՝ ցուցահանդեսի, ինչպես նաև տեսանյութերի միջոցով։ Այս կերպ ևս ցանկանում ենք լսելի դարձնել բռնության ենթարկված անձանց ձայնը, որպեսզի այս միջոցով նաև իրենք մասնակիցը դառնան միջոցառմանը և ուղերձներին»,- ողջույնի իր խոսքում նշել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը։
Նա մատնանշել է այս հիմնախնդրի շուրջ համագործակցելու, ուժերը համատեղելու կարևորությունը։
«Առողջապահության նախարարության հետ այժմ մշակում ենք ուղեցույց, որի նպատակն է օգնել բուժաշխատողներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրել սեռական բռնության ենթարկված անձանց»,–ասել է նա։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս ընդգծել է համակարգված մոտեցման կարևորությունը․ «Այս ոլորտում խնդիրները բազմաշերտ են։ Առաջնայիններից է մասնագիտական հանրույթի շրջանակում գիտելիքի, հմտությունների և զգայունության պակասը, ինչը հաճախ բերում է հասարակական կարծրատիպերի ամրապնդմանը։ Այդ կարծրացած մոտեցումների հետևանքով բռնության ենթարկված անձը երբեմն չի էլ գիտակցում, որ բռնության զոհ է դարձել, տեղի ունեցածը նորմալ է համարում կամ չի բարձրաձայնում կատարվածի մասին։ Այս իրավիճակն իր հերթին հանգեցնում է նորանոր հանցագործությունների։ Հատկապես ցավալի է, երբ սեռական բռնության զոհ են դառնում երեխաները՝ երբեմն ընտանիքի ներսում, ընտանիքի անդամի կողմից»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը և հավելել,- «Իրավասու կառույցները պետք է ունենան բավարար մասնագիտական պատրաստվածություն և հստակ մեխանիզմներ՝ նման դեպքերը կանխելու և դրանց պատշաճ արձագանքելու համար։ Օրինակ՝ ունեցել ենք դեպք, երբ սեռական բռնության ենթարկված երեխային ուսումնական հաստատությունն առաջարկել է փոխել դպրոցը՝ պատճառաբանելով, թե նրան շատերն են ճանաչում և հետագայում կարող է ճնշումների և թիրախավորման զոհ դառնալ»։
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» նախագահ Տաթևիկ Աղաբեկյանը կարևորել է երեք հիմնական խնդիր, որոնք առկա են սեռական բռնության կանխարգելման ոլորտում՝ սկսած կանխարգելման մեխանիզմների բացակայությունից մինչև դեպքերի վարման գործընթացի և վիճակագրական տվյալների պակասը։
«Մենք աշխատել ենք յոթ անչափահաս հղիների հետ, որոնցից հինգը ծննդաբերել են, ունեցել ենք չափահաս շահառու, որը միայն իր ծննդաբերական ցավերի ժամանակ է իմացել, որ հղի է: Այս բոլոր դեպքերով մենք հղիության ընդհատման հնարավորություն չենք ունեցել ժամկետների պատճառով: Պետք է նշեմ, որ միայն մեկ դեպքով է նորածինը մնացել ընտանիքում: Իսկ սրանք միայն մեզ դիմած դեպքերն են, սակայն մենք գիտենք, որ անչափահաս հղիներ մենք ավելի շատ ունենք»,– իր խոսքում նշել է Աղաբեկյանը՝ հավելելով, որ կենտրոնը իր 18-ամյա գործունեության ընթացքում աջակցություն է ցուցաբերել 294 անձանց, որոնցից 114-ը եղել են անչափահաս։
Միջոցառումն իրականացվել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացնում են ՄԱԶԾ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը։