Ակտիվիստ Արթուր Չախոյանը, ով մարմնական վնասվածքներ է ստացել Նոր Նորքի վարչական ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանի և նրա ենթակաների հետ թաղապետարանում ծեծկռտուքի ժամանակ, տեղափոխվել է հիվանդանոց՝ ստացիոնար բուժման կարիքով։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժական հարցերով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը,
Միջադեպի առնչությամբ 6 հոգի ձերբակալվել է։
«Մեզ մոտ տեղափոխված 37-ամյա տղամարդը հետազոտվում է։ Այս պահին նա անհետաձգելի բուժման ընդունարանում է։ Կան որոշակի մարմնական վնասվածքներ` աչքի շրջանում փոքր հեմատոմա, սալջարդեր, ինչպես նաև մեզ անհանգստացնող գլխի վնասվածք, որը դինամիկ հսկողության կարիք ունի։ Հետագա դինամիկ հսկողության և վիճակն ավելի ռեալ գնահատելու համար առաջարկվել է հիվանդանոցային հսկողություն և բուժում»,– ասել է Մանուկյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Չախոյանը տվել է համաձայնությունը հիվանդանոցում մնալու և ստացիոնար բուժում ստանալու վերաբերյալ։ Նա տեղափոխվելու է նյարդավիրաբուժական բաժանմունք։ Առնվազն մեկ օր տևող հսկողությունից հետո և համակարգչային շերտագրություն կատարելուց հետո միայն հնարավոր կլինի հստակ գնահատել՝ արդյոք առկա է ուղեղի ցնցում։
Նրա փաստաբան Վահե Եփրիկյանը լրագրողներին հայտնել է, որ բժիշկների կողմից նշվել է՝ չնայած կյանքին սպառնացող վտանգ չկա, բայց հոսպիտալացումը պարտադիր է։ Նրա խոսքով՝ ակտիվիստը այս պահին շարժվելու խնդիր ունի և բժիշկները դեռ խորհուրդ չեն տալիս քայլել։
«Չախոյանն այժմ ձերբակալվածի կարգավիճակ ունի։ Որ պալատում լինի, այդ սենյակի մոտ էլ ոստիկանության աշխատողը հսկողություն կիրականացնի։ Անձամբ ես համոզմունք ունեմ, որ այս ապօրինությունն առնվազն այս փուլում պետք է դադարեցվի»,– նշել է Եփրիկյանը։
Փաստաբանի պնդմամբ՝ իրավական առումով տեղի ունեցածը կարելի է գնահատել որպես խուլիգանություն, այդ թվում՝ ծանրացնող հանգամանքներով, քանի որ այն իրականացվել է անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ։ Նա ընդգծել է, որ գործողությունները կատարվել են խմբով։
«Ինձ հասած տեղեկություններով թաղապետն ազատության մեջ է, ու ձերբակալված 6 անձանց մեջ նա չկա։ Ինձ համար անհասկանալի է ոնց են «քասթինգ» արել ու որոշել` ում պետք է ձերբակալեն։ Եթե քասթինգ է, ապա սա հերթական քաղաքական հետապնդումն է Չախոյանի նկատմամբ, իսկ հովանավորչության առումով էլ հերթական պետական պատվերն է թաղապետի առումով»,– ասել է Եփրիկյանը։
Նա հավելել է, որ ոստիկանություն ներկայացվել է հաղորդում Չախոյանի ծեծի, վնասվածքների և խուլիգանության մասին, և ինքը հետևելու է գործի հետագա ընթացքին։ Միաժամանակ, պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել ակտիվիստի ձերբակալությունը։
Ապրիլի 29-ին Չախոյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ միասին գնացել է Նոր Նորքի թաղապետարանի շենք՝ հանդիպելու Տեր–Մարգարյանի հետ, սակայն այդ հանդիպումը չի կայացել։ Փոխարենը, շենքի առաջին հարկում Մանուկյանը կախել է Տեր–Մարգարյանի լուսանկարները և վրան յոգուրտ լցրել՝ նշելով, որ դա պատասխան է վերջինիս կողմից հնչեցված հայհոյանքներին։
Ապրիլի 30-ին Նոր Նորքի վարչական ղեկավարի աշխատակազմում նախատեսված է եղել հանրային քննարկում, և Արթուր Չախոյանը կրկին այցելել է թաղապետարան՝ պահանջելու բացատրություն իր հանդեպ հնչեցված սեռական բնույթի հայհոյանքների համար։ Ընդունարանում նրան ծեծի են ենթարկել թաղապետարանի աշխատակիցները, որին միացել է նաև վարչական շրջանի ղեկավարը։