Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ մեղադրանք կներկայացվի։ Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է որոշումը, որով բավարարել է Գաբրիելյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը։
Այժմ ԲԴԽ–ն քննում է դատախազի երկրորդ միջնորդությունը՝ Գաբրիելյանին կալանավորելու համաձայնության տրամադրման հարցով, հայտնում է «Փաստինֆոն»։
Քրեական գործը, որի շրջանակում դատավորի նկատմամբ հետապնդում է նախապատրաստվում, առնչվում է կաշառք ստանալու փաստին։ Գործի տվյալներով՝ Գաբրիելյանը կաշառք է պահանջել և ստացել՝ նպաստելով մեղադրյալի գործի ձգձգմանը, որպեսզի այն հետագայում դադարեցվի վաղեմության ժամկետի անցման հիմքով։ Նշված գործի շրջանակում արդեն երկու անձ կալանավորվել է, այդ թվում՝ դատավորի օգնականը, ով մեղադրվում է օժանդակելու մեջ։
ՀՔԾ վարած գործի շրջանակում ապրիլի 29–ին խուզարկություններ են իրականացվել դատարանի շենքում։ Դրանից հետո Արտուշ Գաբրիելյանը բերման է ենթարկվել հենց դատարանից։ Ըստ տարածված տեղեկությունների՝ բերման ենթարկելու ժամանակ նրա ձեռքերը ոլորել են ու պառկեցրել են։ Փաստաբանները, սակայն, հերքել են Գաբրիելյանին բերման ենթարկելիս ուժի գործադրման մասին լուրերը։
Արտուշ Գաբրիելյանը նաև առաջին դատավորն է, որն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Ըստ Գլխավոր դատախազության՝ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձել 5 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 62 միլիոն 811 հազար դրամ և 1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար: