30 ապրիլի 2025 - 17:38 AMT
Մարագոսը Խաչատուրյանին է ներկայացրել վիզաների ազատականացման գործընթացում առկա դրական տեղաշարժերը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը կարծիքներ են փոխանակել նաև ԵՄ-Հայաստան նոր «Գործընկերության օրակարգի» ընթացքի վերաբերյալ։

Մարագոսը նաև տեղեկացրել է վիզաների ազատականացման գործընթացում գրանցված դրական տեղաշարժերի մասին՝ ընդգծելով, որ այս ոլորտում շարունակական ու փոխշահավետ աշխատանքը չափազանց կարևոր է։

Զրույցի ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել մի շարք ոլորտային նախաձեռնություններին ու ծրագրերին, որոնք կյանքի են կոչվում ԵՄ-ի աջակցությամբ։ Մասնավորապես, քննարկվել են էներգետիկայի, կրթության, տնտեսության և այլ ոլորտների համագործակցության հեռանկարները։

ԵՄ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների սպասվող ծրագիրը՝ նշելով դրանց ներառական բնույթն ու նշանակությունը Հայաստանի քաղաքացիների իրազեկության բարձրացման և ԵՄ-Հայաստան կապերի խորացման համատեքստում։

Հանդիպման առանցքում գտնվել են նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը միտված բարեփոխումները, ինչպես նաև ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող հումանիտար ու սոցիալական ծրագրերը։

Երկու կողմն էլ ընդգծել են, որ անհրաժեշտ է շարունակել համագործակցությունը՝ ուղղված հարաբերությունների խորացմանն ու նոր ծրագրերի համատեղ իրականացմանը։

Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է8 տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։