ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ու մյուս պաշտոնյաների վարքը, «խմբով մարդուն լկտիաբար ծեծելն ուղղակի խուժանություն է, անարգանք պետության ու պետականության նկատմամբ»:
«Սա քաղաքական բարձրագույն հովանավորության արդյունք է, որը պետական համակարգ է տեղափոխել քրեական բարքեր»,-ասել է նա։
Ակտիվիստ Արթուր Չախոյանը, ով մարմնական վնասվածքներ է ստացել Նոր Նորքի վարչական ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանի և նրա ենթակաների հետ թաղապետարանում ծեծկռտուքի ժամանակ, տեղափոխվել է հիվանդանոց՝ ստացիոնար բուժման կարիքով։
Թաթոյանն ընդգծել է, որ ՔՊ վերնախավը պաշտոնների է նշանակում մարդկանց, ովքեր իրենց քննադատողների հետ մտնում են «քրեական ռազբորկաների» մեջ և խեղում պետականության արժեքը:
«Դեռ մի հատ էլ խմբով արդարացնում են տեղի ունեցածըինչ-որ քաղաքական հարցերի հղում անելով այդ կերպ ապացուցելով, որ նեղ քաղաքական ու անձնական շահերը բարձր են պետությունից: Սա դարձել է մեր պետականության գլխավոր սպառնալիքներից:
Պաշտոնյաները պարտավոր են հանդուրժել խիստ, ցնցող քննադատությունը ու նման արձագանքի որևէ իրավունք չունեն: Առավել լկտիություն է նման արձագանքը լրագրողական տեսախցիկների առաջ և ուղիղ եթերում` գիտակցելով, որ իրենց դիտում է հանրությունը:
Արթուր Չախոյանի նկատմամբ նման վարքագիծ ցուցաբերած պաշտոնյաներին քրեական հետապնդման և հետագայում նրանց քրեական պատասխանատվության չենթարկելը կնշանակի տեղի ունեցածի արդարացում, իշխանական շարունակական հովանավորություն»,- գրել է Թաթոյանը։
Ապրիլի 30–ի առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին, որը թաղապետարան էր եկել մասնակցելու հանրային քննարկմանը։ Ոստիկաններն Չախոյանին տարել էին ոստիկանություն, այնուհետև նա տեղափոխվեց հիվանդանոց։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)։