30 ապրիլի 2025 - 18:33 AMT
ՔԿ․ Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել

Ապրիլի 30–ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)։ Այդ մասին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

Դեպքի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ նշելով, որ բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարատելի է։

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Արթուր Չախոյանին և ձերբակալված այլ անձանց։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Չախոյանի փաստաբանների հետ։

Պաշտպանի ներկայացուցիչների այցի ընթացքում պարզվել է, որ Արթուր Չախոյանի վատ ինքնազգացողությամբ պայմանավորված` հրավիրվել է շտապօգնություն, վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։

Միաժամանակ, Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն հրահրող խոսքից և վարքագծից։

Նշենք, որ նմանատիպ բոլոր դեպքերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, և Պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր»,-ասվում է հայտարարության մեջ։

Ապրիլի 30–ի առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին, որը թաղապետարան էր եկել մասնակցելու հանրային քննարկմանը։ Ոստիկաններն Չախոյանին տարել էին ոստիկանություն, այնուհետև նա տեղափոխվել է հիվանդանոց։ Նա ձերբակալվածի կարգավիճակ ունի։