30 ապրիլի 2025 - 18:43 AMT
ՀԾԿՀ նախագահ. ՀՀ–ում հիդրոէներգետիկայի ոլորտում հնարավորությունները գրեթե սպառվել են

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է, որ հիդրոէներգետիկայի ոլորտում հնարավորությունները գրեթե ամբողջությամբ օգտագործվել են։

«Կարող է առաջիկա տարիներին 1-2 կամ մաքսիմում 10 հիդրոկայանի հնարավորություն լինի, բայց մեծ մասով բոլոր ռելիեֆային, ջրատարության, բարենպաստ պայմաններից կախված, իրացված է»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նշվել է, որ Հայաստանի տարածքում գործող արևային էլեկտրակայանների թիվը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հասել է 72-ի, իսկ ևս 47 արևային կայան գտնվում է կառուցման փուլում։ Նրանց թվում է նաև «Մասրիկ-1» արևային կայանը՝ 55 մեգավատտ հզորությամբ։ Նշված բոլոր կայանների շահագործման արդյունքում երկրում կգործի 119 արևային էլեկտրակայան՝ ընդհանուր 577 մեգավատտ կարողությամբ։

Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է բացառապես արտադրող արևային կայաններին, սակայն պետք չէ անտեսել նաև սեփական սպառման նպատակով տանիքներին տեղադրված արևային պանելները։ 2024 թվականի ավարտին բաշխիչ ցանցին միացված ինքնուրույն էներգաարտադրողների թիվը կազմել է 31 հազար 249՝ ընդհանուր 420 մեգավատտ հզորությամբ։

«Բավական արագ տեպմերով աճ ունենք, այս ամսվա տվյալներով 420-ը դարձել է 450 ՄՎտ։ Սա մի կողմից ուրախացնում է, մյուս կողմից խնդիրներ է ստեղծում»,- ասել է Մեսրոպյանը։

Նրա դիտարկմամբ՝ արևային էներգիայի մասով այժմ լուրջ մարտահրավերների են բախվում, որոնք պահանջում են նորարարական լուծումներ։

«Մի բան է, երբ որ մեր նման երկիրը 3 տարի առաջ ուներ 50 ՄՎտ արևային իրացված պոտենցիալ, մի բան է, երբ այսօր արդեն ունենք 450 ՄՎտ տանիքներին տեղադրված արևային պանելներ, 300 ՄՎտ արտադրող կայաններ, հետևից էլ մեծ ծավալով գալիս են մյուս արևային կայանները»,–ասել է նա։

ՀԾԿՀ նախագահի հավաստմամբ՝ Հայաստանի էներգետիկ համակարգում տեղակայված հզորությունների պակաս չկա։ Սակայն ոլորտը կանգնած է այլ խնդիրների առաջ՝ արտադրվող էլեկտրաէներգիան արտահանելու, այն օտարերկրյա շուկաներում վաճառելու և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման հարցերով, որոնց ուղղությամբ արդեն իսկ քայլեր են արվում։

«Մենք տեղակայված հզորությունների մասով ինքնաբավ ենք, բայց քանի որ այս պահի դրությամբ դեռ 60 տոկոս արտադրված էլեկտրաէներգիան արտադրվում է երկրում ներկրվող գազային վառելիքի միջոցով, իսկ մյուս 30 տոկոսն էլ միջուկային վառելիքի միջոցով, այդ իմաստով ռիսկեր կան։ Արևային կայանների, վերականգնվող էներգետիկայի զարգացումը բերում է կանխվածության փոքրացման, բայց եթե չունենանք ներկրվող գազային վառելիքի ֆորսմաժորային իրավիճակներ, անսպատելի և կտրուկ գնային տատանումներ, ապա այս վիճակը ինչ ունենք, կայուն վիճակ է»,–ասել է նա։