1 մայիսի 2025 - 12:29 AMT
ՔՊ–ն խստորեն դատապարտել է «Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպերը»

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն է տարածել Նոր Նորք վարչական շրջանում ապրիլի 29–ին և 30–ին տեղի ունեցածի վերաբերյալ՝ նշելով, որ «խմբակցությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցած միջադեպերը»։

«Հայհոյանքը, վիրավորանքը և բռնությունը՝ լինի դա հոգեբանական թե ֆիզիկական դրսևորմամբ, անընդունելի են։

Տարակուսանք է առաջացնում, որ իրավապահ մարմինների կողմից որևէ գնահատական չի տրվել և համապատասխան գործողություններ չեն ձեռնարկվել դեռևս երեկ Նոր Նորք վարչական շրջանի շենքում դրսևորված ակնհայտ խուլիգանական վարքագծին, ինչի հետևանքով հնարավոր դարձան հետագա սադրանքները և դրանց հաջորդած բռնությունը։

Ցանկացած տեսակի բռնություն, այդ թվում՝ հոգեբանական բռնությունը, որը կարող է արտահայտվել վիրավորանքի կամ անձի արժանապատվությունը նսեմացնելու միջոցով, անթույլատրելի է։ Նման դրսևորումները, կանխարգելման բացակայության պայմաններում, հաճախ հանգեցնում են ֆիզիկական բռնության։

Անհրաժեշտ ենք համարում հատուկ ընդգծել, որ միշտ պատրաստ ենք եղել և շարունակում ենք պատրաստ մնալ լսել կառուցողական և անգամ սուր քննադատություն, որը, սակայն, անհրաժեշտ է տարանջատել վիրավորական և անձի արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններից»,- ասված է հայտարարության մեջ։

Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել էին, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել են թաղապետարանի աշխատակիցներ և ակտիվիստ Արթուր Չախոյանը։ Չախոյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Նա ուներ ձերբակալվածի կարգավիճակ, սակայան, ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա այլևս ձերբակալված չէ։

Ապրիլի 30–ի առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին, որը թաղապետարան էր եկել մասնակցելու հանրային քննարկմանը։ Ոստիկաններն Չախոյանին տարել էին ոստիկանություն, այնուհետև նա տեղափոխվել է հիվանդանոց։

Ապրիլի 29-ին Չախոյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ միասին գնացել է Նոր Նորքի թաղապետարանի շենք՝ հանդիպելու Տեր–Մարգարյանի հետ, սակայն այդ հանդիպումը չի կայացել։ Փոխարենը, շենքի առաջին հարկում Մանուկյանը կախել է Տեր–Մարգարյանի լուսանկարները և վրան յոգուրտ լցրել՝ նշելով, որ դա պատասխան է վերջինիս կողմից հնչեցված հայհոյանքներին։