1 մայիսի 2025 - 13:06 AMT
Չախոյանն ազատ է արձակվել. Դեռ կմնա հիվանդանոցում

Երևևանի Նոր Նորքի վարչական շրջանում ծեծկռտուքի գործով ձերբակալվածի կարգավիճակ ունեցող ակտիվիստ Արթուր Չախոյանն ազատ է արձակվել, սակայն դեռևս կմնա հիվանդանոցում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը:

«Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից։ Նա կշարունակի հոսպիտալացված մնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ ֊ում։

Ակնկալում եմ քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների։

Եթե հանուն դեմոկրատական պաթոսի` առեևույթ հանցագործ թաղապետը մինչևիսկ պաշտոնանկ արվի, միևնույն է պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչին հաստատապես հետամուտ ենք լինելու։ւթյան, ինչին հաստատապես հետամուտ ենք լինելու»,-ասվում է գրառման մեջ։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ապրիլի 30–ի առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին, որը թաղապետարան էր եկել մասնակցելու հանրային քննարկմանը։ Ոստիկաններն Չախոյանին տարել էին ոստիկանություն, այնուհետև նա տեղափոխվել է հիվանդանոց։

Ապրիլի 29-ին Չախոյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ միասին գնացել է Նոր Նորքի թաղապետարանի շենք՝ հանդիպելու Տեր–Մարգարյանի հետ, սակայն այդ հանդիպումը չի կայացել։ Փոխարենը, շենքի առաջին հարկում Մանուկյանը կախել է Տեր–Մարգարյանի լուսանկարները և վրան յոգուրտ լցրել՝ նշելով, որ դա պատասխան է վերջինիս կողմից հնչեցված հայհոյանքներին։