1 մայիսի 2025 - 14:06 AMT
Մխիթարյան․ Չեղարկված իմ այս գոլը հիշելու եմ ամբողջ կյանքում

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» դեմ առաջին խաղին՝ խոսելով նաև իր չեղարկված գոլի մասին, որն անարդար է համարել։

«Խելահեղ հանդիպում ստացվեց: Դժվար էր գործողությունների առումով, սակայն հրաշալի դիտելու համար: «Ինտերն» արեց ամեն հնարավոր բան, բայց նաև այն կարծիքի եմ, որ կարող էինք ավելի լավ խաղալ։ «Բարսելոնան», որը հրաշալի էր վերահսկում գնդակի տեղաշարժը, մեծ ճնշում գործադրեց մեզ վրա»,–ասել է Մխիթարյանը, հայտնում է Արմենպրեսը։

Հայ կիսապաշտպանը խոսել է նաև «VAR» համակարգի կողմից իր խփած գնդակի չեղարկմանն՝ ընդգծելով, որ զայրացած է նման որոշման պատճառով:

«Չեղարկված իմ այս գոլը հիշելու եմ ամբողջ կյանքում: Հպարտ եմ իմ թիմակիցներով: Նրանք հրաշալի խաղ ցուցադրեցին։ Սա ֆուտբոլ է և մենք լիահույս ենք, որ չենք կրկնելու այս սխալները տանը` «Սան Սիրոյում»,-ասել է նա։

Իտալական «Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում հյուրընկալվել է կատալոնական «Բարսելոնային», և հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 3:3 հաշվով։ Մխիթարյանը կարողացել է գրավել մրցակցի դարպասը, սակայն գոլը չեղարկվել է VAR համակարգի միջոցով։ Թիմերը մեկ շաբաթ անց կրկին կհանդիպեն՝ այս անգամ «Սան Սիրոյի» դաշտում։