1 մայիսի 2025 - 14:59 AMT
Մայիսմեկյան երթը Երևանում անցել է «Արժանապատիվ աշխատանք» կարգախոսով

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ մայիսի 1-ին Երևանում անցկացրել է ավանդական երթ՝ «Արժանապատիվ աշխատանք» կոչով։

Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս երթը չունի քաղաքական ենթատեքստ և նպատակ ունի հերթական անգամ ուշադրություն հրավիրել աշխատողների իրավունքների պաշտպանության ու աշխատանքային պայմանների բարելավման խնդիրների վրա, հայտնում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում ստացել են 655 բողոք, որոնք առնչվել են աշխատանքի իրավունքի խախտումներին։ Դրանց մեծ մասը վերաբերել է աշխատանքային պայմանագրերի ոչ պատշաճ կիրառմանը։

Մանասերյանը ընդգծել է, որ խնդիրը միայն գործատուների անբարեխղճությունը չէ, այլ նաև աշխատողների, ովքեր պետք է տեղեկացված լինեն իրենց իրավունքների մասին։

Քայլերթը մեկնարկել է «Աբովյան» պուրակից։ Այնուհետև, երթի ավարտից հետո, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գրասենյակում նախատեսված է եղել «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով ուսումնասիրության ներկայացումը։