1 մայիսի 2025 - 15:00 AMT
ԱԳ փոխնախարարը ՄԱԿ հանձնակատարին է ներկայացրել մարդու իրավունքների բարեփոխումները

ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ փուլի՝ Հայաստանի ազգային զեկույցի քննարկման շրջանակում, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ։ Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր։

ՀՀ ԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների բնագավառում ընթացող բարեփոխումները։

Երկու կողմերն էլ կարևորել են գործընկերության շարունակականությունն՝ ընդգծելով Գրասենյակի փորձագիտական ներուժի դերը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումներին՝ հատուկ նշելով միջպետական խաղաղ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է նաև հումանիտար հարցերի՝ այդ թվում անհետ կորածների ճակատագրի բացահայտման ու Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդ դարձած խաղաղ քաղաքացիների ազատ արձակման հարցերի լուծման կարևորությունը։