1 մայիսի 2025 - 15:39 AMT
«Հանրապետությունը»՝ Նոր Նորքի միջադեպի մասին․ Ամենաանպաշտպան մարդը դարձել է պետական ծառայողը

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարել է, որ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցածն ակնհայտ պլանավորված և կազմակերպված սադրանք է, որի թիրախը վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետը չէ,այլ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը։

Ըստ կուսակցության՝ ամենաանպաշտպան մարդը դարձել է պետական ծառայողը։

«Դատապարտելով բռնության և սադրանքի որևէ դրսևորում՝ մենք գտնում ենք, որ ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի օրենքով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ուժով, –ասվում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ։

Ըստ կուսակցության՝ «նախկինները փորձում են կոնսենսուս մինուս մեկ ձևավորել՝ ԵՄ անդամակցության գործընթացը նախաձեռնած, Ուկրաինայի դեմ պատերազմը դատապարտող, Միութենական պետությանը դեմ և ՀՀ ինքնիշխանությունը բացարձակ արժեք համարող քաղաքական ուժին՝ պարբերական սադրանքների մեջ ներքաշելով»։

«Մենք համարում ենք, որ տեղի ունեցածը պետականության դեմ քայլ է». «Հանրապետություն» կուսակցություն։

Կուսակցությունը, դատապարտելով ցանկացած բռնություն և սադրանք, ընդգծել է՝ ժողովրդավարությունը պետք է ապահովվի օրենքով, իսկ անհրաժեշտության պարագայում՝ նաև ուժի կիրառմամբ։ Ըստ հայտարարության, նախկին իշխանության ներկայացուցիչները նպատակ ունեն մեկուսացնել այն քաղաքական ուժին, որը նախաձեռնել է ՀՀ անդամակցությունը ԵՄ-ին, հրապարակային ձևով դատապարտել է Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմը, դեմ է Միութենական պետությանը և գերակայում է ՀՀ ինքնիշխանությունը։ Այդ ուժը, ըստ «Հանրապետություն»-ի, պարբերաբար ներքաշվում է արհեստական լարվածությունների մեջ։

«Ամենաանպաշտպան մարդը դարձել է պետական ծառայողը, որ ենթակա է տարատեսակ, ռուսահպատակ բլոգերների, «հասարակական ակտիվիստների» անվան տակ հանդես եկող անձանց ներխուժումներին ոչ միայն աշխատավայր, այլև ընտանիք և անձնական կյանք, որը բացարձակապես համադրելի չէ մարդու իրավունքների պաշտպանության հետ, սրան հավելեք հակակոռուպցիոն և վերահսկողական մարմինների ուշադրության կենտրոն լինելը և կստանաք մի պատկեր, երբ կազմալուծվում է պետական համակարգի գործունեությունը:

Մենք համարում ենք, որ տեղի ունեցածը պետականության դեմ քայլ է՝ ՀՀ ԵՄ դիրքորոշմանը դեմ հայտնի կենտրոններից ուղղորդվող:

Այս խնդրում լուրջ անելիքներ ունեն իրավապահ մարմինները, որոնք եթե երեկվա միջադեպը ընդունեին իբրև հանցագործության մասին հաղորդում և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին ու ակտիվիստ ներկայացող անձին հրավիրեին հարցաքննության՝ պարզելու համար, տեղի ունեցածը կոռուպցիա է, թե զրպարտություն, այսօրվա զարգացումները չէին լինի։ Հակառակ դեպքում նման գործընթացները վերջ չեն ունենալու և դառնալու են օրինաչափություն, որի շարունակականության պարագայում երաշխիք չկա, որ հաջորդ անգամ ամենաթողությունը ծանր հետևանքների չի հանգեցնի”,–ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

Ակտիվիստ Արթուր Չախոյանը, ով մարմնական վնասվածքներ է ստացել Նոր Նորքի վարչական ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանի և նրա ենթակաների հետ թաղապետարանում ծեծկռտուքի ժամանակ, ազատ է արձակվել, սակայն, դեռևս մնում է հիվանդանոցում։ Չախոյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով:

Ապրիլի 29-ին Չախոյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ միասին գնացել է Նոր Նորքի թաղապետարանի շենք՝ հանդիպելու Տեր–Մարգարյանի հետ, սակայն այդ հանդիպումը չի կայացել։ Փոխարենը, շենքի առաջին հարկում Մանուկյանը կախել է Տեր–Մարգարյանի լուսանկարները և վրան յոգուրտ լցրել՝ նշելով, որ դա պատասխան է վերջինիս կողմից հնչեցված հայհոյանքներին։

Ապրիլի 30-ին Նոր Նորքի վարչական ղեկավարի աշխատակազմում նախատեսված է եղել հանրային քննարկում, և Արթուր Չախոյանը կրկին այցելել է թաղապետարան՝ պահանջելու բացատրություն իր հանդեպ հնչեցված սեռական բնույթի հայհոյանքների համար։ Ընդունարանում նրան ծեծի են ենթարկել թաղապետարանի աշխատակիցները, որին միացել է նաև վարչական շրջանի ղեկավարը։