1 մայիսի 2025 - 16:14 AMT
Չախոյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով՝ յոգուրտով միջադեպի համար

Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո հիվանդանոց տեղափոխված ակտիվիստ Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը Չախոյանը։

Չախոյանը դեռևս հիվանդանոցում է։ Միջադեպից հետո նա ձերբակալվել էր, սակայն հետո ձերբակալվածի կարգավիճակը չեղարկվել էր։

Չախոյանին մեղադրանք է առաջադրվել ոչ թե ապրիլի 30–ին Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռուքի համար, այլ նախօրեին թաղապետարանում իրականացված յոգուրտով ակցիայի համար։ Այդ մասին ասել է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը, հայտնում է Factor.am-ը։

Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն օրեր առաջ համատեղ տեսանյութ էին հրապարակել Նոր Նորքի նոր վերանորոգված թիվ 105 մանկապարտեզից՝ ցույց տալով կատարված անորակ աշխատանքները։ Դրանից հետո Չախոյանը գրառում էր արել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել է իրեն ու Մանուկյանին, սպառնացել և հայհոյել։ Հաջորդ օրը թաղապետարանի շենքում Չախոյանն ու Մանուկյանը բողոքի ակցիա էին իրականացրել՝ հրապարակելով հեռախոսազանգի ձայնագրությունը, որտեղ նախ թաղապետն է հայհոյում, ապա փոխադարձ հայհոյանքներ են հնչում։ Եվ քանի որ Տիգրան Տեր-Մարգարյանն աշխատավայրում չի եղել, ակցիայի կազմակերպիչները յոգուրտ են լցրել թաղապետի լուսանկարների վրա, որոնք իրենց հետ էին տարել: Չախոյանին խուլիգանության հոդվածով մեղադրանք է ներկայացվել հենց այս գործողության համար։

Ապրիլի 30-ին Նոր Նորքի վարչական ղեկավարի աշխատակազմում նախատեսված է եղել հանրային քննարկում, և Արթուր Չախոյանը կրկին այցելել է թաղապետարան՝ պահանջելու բացատրություն իր հանդեպ հնչեցված հայհոյանքների համար։ Ընդունարանում նրան ծեծի են ենթարկել թաղապետարանի աշխատակիցները, որին միացել է նաև վարչական շրջանի ղեկավարը։