1 մայիսի 2025 - 16:34 AMT
Բալասանյանը հուսով է, որ արցախցիները կվերադառնան Պուտինի աջակցությամբ․ Նա բաց նամակ է գրել

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը բաց նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հույս հայտնելով, որ վերջինիս միջնորդությամբ արցախցիները կվերադառնան հայրենիք:

Բալասանյանը հիշեցրել է, որ ընթացիկ տարում նշվում է նացիստական Գերմանիայի նկատմամբ Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակը՝ շեշտելով, որ այդ պատմական և միացյալ ձեռքբերմանը մասնակցություն է ունեցել նաև հայ ժողովուրդը, և այդ պայքարում մասնակցած 90,000 հայերից շատերն արցախցիներ են եղել։

«29 ղարաբաղցի դարձել է Խորհրդային Միության հերոս, 7 հոգի դարձել է Փառքի բոլոր 3 աստիճանի շքանշանակիր, հազարավոր զինվորներ պարգևատրվել են մարտական ​​շքանշաններով ու մեդալներով…

Այսօր Ղարաբաղի հայությունը, մի շարք հանգամանքների բերումով, զրկված է իր պատմական հայրենիքից և կարծում ենք, որ այս անարդար գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը։ Դարերի ընթացքում Ռուսական Կայսրությունը հայ ժողովրդին բազմիցս հնարավորություն է տվել պահպանել իր ինքնությունն ու պետականությունը իր պատմական հայրենիքում (Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագիր):

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հուսով ենք՝ Ձեր միջնորդությամբ Ղարաբաղի հայերը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթած ժողովրդի ժառանգները, կվերադառնան իրենց պատմական հայրենիք, և շուտափույթ գործնական քայլերը կձեռնարկվեն փրկելու հազարավոր տարիների ընթացքում ստեղծված պատմամշակութային ժառանգությունը, այդ թվում՝ եկեղեցիները, խաչքարերը, տարբեր շինություններ, բնակավայրեր, հուշարձաններ, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձաններ»,- ասվում է նամակում։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։