Բաքվի զինդատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործերով դատական նիստում ցուցադրվել են տեսանյութեր 1992–ին հայերի կողմից Շուշիի ազատագրմանը հաջորդած օրերից։
Կադրերում Շուշիում է նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, հայտնում է Minval.az-ը։
Ղուկասյանին մի շարք հարցեր են ուղղել։ Նա նշել է, թե ովքեր են իր հետ կադրում։
«Միջնամասում՝ քաղաքացիական հագուստով վարորդն է։ Իմ հետևում՝ կոստյումով՝ Օլեգ Եսայանն է։ Հետին պլանում ճանաչեցի Արմեն Իսագուլովին։ Երկրորդը՝ Զորի Բալայանն է։ Քաղաքացիական հագուստով՝ Վասիլի Ատաջանյանն է։ Հիմա վարորդի մոտեցավ եպիսկոպոս Պարգևը… Մնացածին չեմ ճանաչում։ Կարծես՝ պարզապես զինվորականներ են»,–ասել է նա։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։