1 մայիսի 2025 - 17:48 AMT
Կոս․ ՀՀ–ից ԵՄ-ին անդամակցելու հայտ չենք ստացել, ստանանք՝ կքննարկենք

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հայտարարել է, որ Հայաստանը դեռևս չի ներկայացրել անդամակցության հայտ, երբ ստանան՝ կքննարկեն։

«Մենք դեռ Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու հայտ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք», - ասել է նա, հայտնում է «Ազատությունը»։

Չհստակեցնելով՝ դիմումը ստանալու դեպքում Բրյուսելը հավանություն կտա, թե ոչ, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը միայն ընդգծել է՝ Երևանում հնչող այդ ցանկությունը ցույց է տալիս, թե որքան գրավիչ է այսօր եվրոպական ընտանիքը։

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանում, ցույց է տալիս, որ Եվրամիության գրավչությունը հիմա ավելի բարձր է, քան նախկինում։ Ցանկացած երկրի համար Եվրամիության անդամակցությանը դիմելու համար երկու պայման կա՝ այն պետք է լինի պետություն և լինի Եվրոպայում։ Մենք Հայաստանից դիմում դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք, բայց, ինչպես ասացի, սա ցույց է տալիս, որ մենք հետաքրքիր ենք բազմաթիվ երկրների համար», - շեշտել է Մարտա Կոսը։

Նա հավելել է, որ դիմումը ներկայացնելու համար Հայաստանը մի շարք ընթացակարգեր պետք է անցնի:

«Պետք է որոշ պայմաններ բավարարվեն, հետո կտեսնենք», - հավելել է ԵՄ ընդլայնման գլխավոր հանձնակատարը։

Կոսը չի բացառլ, որ իր պաշտոնավարման ընթացքում՝ մինչև 2029 թվականը, Մոլդովան կարող է միանալ դաշինքին։

«Մեր կողմից ձախողում կլինի, եթե ներկայիս Եվրահանձնաժողովի օրոք մենք Եվրամիություն չընդունենք որևէ նոր անդամի», - նշել է նա՝ ընդգծելով, որ Ալբանիայից և Չեռնոգորիայից բացի նոր անդամների թվում կարող է լինել նաև Մոլդովան։

«Մոլդովան իսկապես ամբողջ խմբի լավ ուսանողն է, նրանք իսկապես զգում են այս պատմական պահը։ Եվ սա մի բան է, որ մենք թերևս նախկինում չենք տեսել, քանի որ նրանք ուզում են պատկանել մի համայնքի, որտեղ կարևոր են արժեքներն ու ժողովրդավարությունը, և նրանք ուզում են հնարավոր ամեն բան անել՝ դրան հասնելու համար», - նշել է Մարտա Կոսը։

Նա խոսել է նաև Վրաստանի հեռանկարների մասին։

Վրաստանը ևս երեք տարի առաջ ստացել է ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, սակայն այդ պետության հետ բանակցությունները փաստացի կանգ են առել։ Բրյուսելը քննադատում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը՝ արևմտյան արժեքներից հեռանալու, վիճահարույց օրենսդրություն ընդունելու և անցած տարվա զանգվածային բողոքի ակցիաները ճնշելու համար։

«Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ ու Թբիլիսիի դեմ պատժամիջոցներ կիրառել, այդ թվում՝ սառեցնել անդամակցության շուրջ բանակցությունները կամ ազատ վիզային ռեժիմը», - ասել է նա

Այնուամենայնիվ, նա ավելացրել է՝ պատժամիջոցներից առավել արդյունավետ կարող է լինել երկխոսության շարունակումը։

Թուրքիայի հետ կապված, Կոսը պարզաբանել է, որ ԵՄ-ն մտադիր է վերանայել հարաբերությունների ներկայիս մակարդակը։ Թեև արդեն հինգ տարուց ավելի է՝ անդամակցության բանակցությունները սառեցվել են ժողովրդավարության ոլորտում առկա լուրջ թերությունների պատճառով, այժմ որոշակի տեղաշարժ է նկատվում։

«Մենք հիմա բարձր մակարդակի երկխոսություն ենք սկսել՝ տնտեսության, հետո էլ կանցնենք միգրացիայի հարցերին։ Նաև գործարար շրջանակն է ուզում, որ մենք գնանք այդ ուղղությամբ», - ասել է Մարտա Կոսը՝ մանրամասնելով, որ ներկայում Եվրամիության ու Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն առնվում է շուրջ 240 միլիարդ եվրոյի։

Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է8 տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։