Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն, անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին, նշել է, որ իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են։ Նա այդ մասին գրել է ֆեսյբուքյան իր էջում։
«Մալաթիայի թաղապետն ասում է՝ եթե Ավինյանը իր համակուսակից Մասիվի թաղապետի հետ վարվի այնպես, ինչպես պետք է վարվի իրեն հարգող ցանկացած քաղաքապետ, ապա Արամ Զավենի բոլոր ենթակաները հրաժարական կտան։ Այսինքն՝ փոքրամասնության կոալիցիան կքանդվի։
Սա շանտաժ է՝ ամենաբարձր մակարդակի։
Այս իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են։ Այս քաղաքային իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը բոլոր հնարավոր ձևերով։
Նիկո´լ, Տիգրա´ն, ու՞ր եք: Խոսե´ք: 10-ով մեկին ծեծելը նորաձև՞ է ..․Սելեկտիվ արդարադատությունն ու անպատժելիությունը նորաձև՞ են ..․»,–գրել է նա։
«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարել է, որ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցածն ակնհայտ պլանավորված և կազմակերպված սադրանք է, որի թիրախը վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետը չէ,այլ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը։ Ըստ կուսակցության՝ ամենաանպաշտպան մարդը դարձել է պետական ծառայողը։