1 մայիսի 2025 - 17:59 AMT
Փաստաբան․ Փորձ է արվում ծածկադմփոց անել Նոր Նորքի թաղապետի և մյուսների գործողությունները

Ակտիվիստ Արթուր Չախոյանի փաստաբան Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ փորձ է արվում ծածկադմփոց անել Նոր Նորքի թաղապետի և մյուսների գործողությունները։

Նա հայտնել է, որ Չախոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 297 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասի 1 ֊ին և 3 ֊րդ կետերով։

«Իրավական ֆարսը շարունակվում է։

Ակնհայտ հանցագործության համար անձինք ոչ կանչվել են, ոչ վերջիններիս հետ կոնկրետ քննչական ֊ դատավարական գործողություններ են կատարվել, իսկ քաղաքացիական ակտիվիստը քաղաքացիական ակցիա իրականացնելու համար մեղադրվում է։

Նախորդիվ արտահայտածս մտահոգությունը, ցավոք, բայց հետզհետե իրականանում է` փորձ է կատարվում ծածկադմփոց անել Նոր Նորքի առերևույթ հանցագործ թաղապետի ու իր հանցակիցների գործողությունները` դրանք բարդելով կրկնում եմ` քաղաքացիական ակցիա իրականացնող անմեղ անձի վրա, ով այս պատմության մեջ կարող է ունենալ բացառապես մեկ դատավարական կարգավիճակ` տուժողի»,–ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 29-ին Չախոյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ միասին գնացել է Նոր Նորքի թաղապետարանի շենք՝ հանդիպելու Տեր–Մարգարյանի հետ, սակայն այդ հանդիպումը չի կայացել։ Փոխարենը, շենքի առաջին հարկում Մանուկյանը կախել է Տեր–Մարգարյանի լուսանկարները և վրան յոգուրտ լցրել՝ նշելով, որ դա պատասխան է վերջինիս կողմից հնչեցված հայհոյանքներին։

Ապրիլի 30-ին Նոր Նորքի վարչական ղեկավարի աշխատակազմում նախատեսված է եղել հանրային քննարկում, և Արթուր Չախոյանը կրկին այցելել է թաղապետարան՝ պահանջելու բացատրություն իր հանդեպ հնչեցված սեռական բնույթի հայհոյանքների համար։ Ընդունարանում նրան ծեծի են ենթարկել թաղապետարանի աշխատակիցները, որին միացել է նաև վարչական շրջանի ղեկավարը։