Մայիսի 1-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի կողմից ներկայացված չորրորդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը։ Զեկույցում վերլուծվել են վերջին չորսուկես տարիներին Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում գրանցված զարգացումները, առկա խոչընդոտներն ու ապագա հեռանկարները։
ՀՊԴ նիստի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է մանրամասն հաշվետվություն՝ անդրադառնալով նախորդ շրջանի դիտարկումների հիման վրա տրված հանձնարարականների կատարման ընթացքին։ Պատվիրակությունը ղեկավարած Ռոբերտ Աբիսողոմոնյանը իր բացման խոսքում ներկայացրել է Հայաստանի վերջին տարիների առաջընթացը տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական և քաղաքացիական իրավունքների իրականացման ուղղությամբ։
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հատուկ ուշադրություն է հրավիրել այն մարտահրավերների վրա, որոնց Հայաստանը բախվել է հաշվետու ժամանակահատվածում։ Դրանց թվում նա առանձնացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մոտ 115,000 հայերի խնդիրները, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների ու պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման անհրաժեշտությունը, անհետ կորած և բռնի անհետացած անձանց ճակատագրերի հստակեցման կարևորությունը։
ՀՀ չորրորդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը լայն հետաքրքրություն է առաջացրել միջազգային հանրության շրջանում։ Մոտ 100 անդամ պետությունների ներկայացուցիչներ հանդես են եկել ելույթներով՝ հիմնականում ընդգծելով մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի արձանագրած դրական զարգացումներն ու իրականացված բարեփոխումները, այդ թվում՝ օրենսդրական և համակարգային բնույթի։
Զեկույցը պատրաստվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ՝ բոլոր պետական կառույցների ներգրավմամբ, ինչպես նաև կազմակերպվել են դրա հանրային քննարկումներ։