Ռեփեր Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետական բյուջե։ Այդ մասին հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հայտնում է «Հետքը»։
Հունվարի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ նախարարությունն արդեն դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ պահանջելով վերադարձնել չեղարկված համերգի համար տրամադրված ամբողջ գումարը պետական բյուջե։
«Նրանք ամբողջ տարին բանակցել են, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել: Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները: Այսինքն՝ քանի որ նախատեսված ժամանակահատվածում համերգը չի կայացել, մենք արդեն գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որ ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե»,- ասել է նախարարը։
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հայտնել է, որ «Դոպինգ Սփեյս» ընկերությունից նոր առաջարկներ միջոցառման իրականացման վերաբերյալ չեն ստացվել։ Ընկերությանն առաջարկվել է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ լուծելու և դրա շրջանակում տրամադրված գումարը, ինչպես նաև պայմանագրով սահմանված տուգանքը՝ ըստ 2.4.11 կետի, փոխանցելու ՀՀ պետական բյուջեի կենտրոնական գանձապետական հաշվին։
Այսպիսով, նախարարի հայտարարությունից գրեթե չորս ամիս անց էլ ԿԳՄՍՆ-ն շարունակում է սպասել, որպեսզի կազմակերպությունն իրականացնի պահանջված գործողությունները։
2023 թվականի հուլիսին հայտարարվել է՝ աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը սեպտեմբերի 23-ին ելույթ է ունենալու Երևանում։ Պայմանագրի արժեքը կազմել է 2 միլիարդ 318 միլիոն դրամ կամ մոտավորապես 6 միլիոն ԱՄՆ դոլար։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ այդ գումարը նախատեսված է եղել արտիստի հոնորարի, թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության, ապահովագրության, տեխնիկական սարքավորումների և գովազդային միջոցառումների ծախսերը հոգալու համար։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ հարձակման և դրա հետևանքով Արցախի հայաթափման արդյունքում համերգի կազմակերպիչները դատապարտել են Բաքվի գործողությունները և հայտարարել, որ սեպտեմբերի 23-ի համերգը հետաձգվում է։ Այն չի կայացել, իսկ միջոցները մինչ այժմ չեն վերադարձվել պետական բյուջե։