Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը անդրադառնալով Նոր Նորքի վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երկրի հասարակական և քաղաքական կյանքը« մի քանի նոր ամոթալի դեպքերով «հարստացավ»։
«Մենք տեսանք պաշտոնյաների, որոնք թաղի խուժանի վարքագիծ ունեն, մենք տեսանք այդ վարքագիծը արդարացնող, ավելին՝ խրախուսող կուսակցություններ։
Ակնհայտ է, որ ՔՊ կուսակցությունը իշխանությունը պահելու նպատակով տեղի է տալիս կեղծ-եվրոպամետ, իրականում՝ քրեական բարքեր դավանող «Հանրապետություն» կուսակցության կապրիզներին ու շանտաժներին՝ զոհաբերելով դրա համար հասարակության բարեկեցությունն ու օրինականությունը։
Ակնհայտ է, որ այս ամենը կապ ունի հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ։
Ձախողված իշխանությունն ու անմրցունակ խորհրդարանական ընդդիմությունը սպառել են հասարակության հետ խոսելու իրենց ասելիքը և ուրիշ բան չունեն անելու, քան փոխադարձ հայհոյանքներն ու քաշքշուկներն են։
Մեր հասարակությունը արժանի է այս բարդ շրջանում ավելի հասուն ու խելամիտ կառավարման։ Հորդորում ենք հանրային գործիչներին՝ իրենց խոսքերում ու արարքներում լինել զուսպ, հետեւել օրինականության ու բարոյականության պահանջներին։
Հ.Գ. Օգտվելով առիթից, ուզում եմ նաև շնորհավորել «Նոր ուժ» ռեֆորմիստների կուսակցության անդամներին՝ հիմնադիր համագումարի առաջին տարեդարձի կապակցությամբ։
Ամեն ինչ առջևում է», ասվում է գրառման մեջ։
Նոր Նորքի թաղապետարանում մայիսի 30–ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։ Բռնության հետևանքով տուժած ակտիվիստ Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել, սակայն այլ՝ խուլիգանության հոդվածով, յոգուրտով միջադեպի համար։
«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարել է, որ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցածն ակնհայտ պլանավորված և կազմակերպված սադրանք է, որի թիրախը վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետը չէ,այլ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը։ Ըստ կուսակցության՝ ամենաանպաշտպան մարդը դարձել է պետական ծառայողը։