Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, անդրադառնալով վերջին մի շարք աղմկահարույց միջադեպերի և դրանց չհետևած իրավական գնահատականներին, գրել է, որ Հայաստանում չկա արդարադատություն, կա WhatsApp-ով որոշումներ պարտադրող իշխանություն և լուռ այս ամենին հետևող դեսպանատներ։
Նա նշել է, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի ու ակտիվիստ Արթուր Չախոյանի բախտը դեռ բերել է՝ «կարո՞ղ էին, չէ, պետական դավաճանության հոդված կախեին»։
«Երբ ոհմակով հարձակվում էին Հրանտ Մարգարյանի վրա, որը թոռի հետ խաղաղ զբոսնում էր, երբ 5-6 հոգով հարձակվում էին Նարեկ Մալյանի վրա, երբ բորենիների նման ԱԺ-ում հարձակվում էին Վահե Հակոբյանի վրա, երբ ծեծելով մահվան դուռ էին հասցնում փոխգնդապետ Արա Մխիթարյանին, երբ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը սրճարանում հարվածում էր լրագրող Փայլակ Ֆահրադյանին, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքացու ձեռքերը բռնել էր տալիս ու թքում վրեն, երբ կարմիր բերետավորները տեսախցիկների առաջ Դաշնակցության գրասենյակի դիմաց ծեծում էին ԱԺ պատգամավորին և Եռաբլուրում քարշ տալիս զոհվածների մայրերին, երբ վարչապետի ավտոշարասյունը սպանում էր հղի կնոջը, երբ....
Այս ցանկը կարող եմ անվերջ թվել: Հայաստանում չկա արդարադատություն: Կա whatsapp-ով որոշումներ պարտադրող իշխանություն և լուռ այս ամենին հետևող դեսպանատներ:
Իսկ Մեսրոպ Մանուկյանի ու Արթուր Չախոյանի բախտը դեռ բերել է: Կարող էին, չէ՞, պետական դավաճանության հոդված կախեին վրեքը: Բայց տեսե՞ք, չեն կախել»,–գրել է Մխիթարյանը։
Նոր Նորքի թաղապետարանում մայիսի 30–ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։ Բռնության հետևանքով տուժած ակտիվիստ Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել, սակայն այլ՝ խուլիգանության հոդվածով, յոգուրտով միջադեպի համար։
«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարել է, որ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցածն ակնհայտ պլանավորված և կազմակերպված սադրանք է, որի թիրախը վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետը չէ,այլ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը։ Ըստ կուսակցության՝ ամենաանպաշտպան մարդը դարձել է պետական ծառայողը։