2 մայիսի 2025 - 11:22 AMT
Արցախցիների պաշտպանության խորհուրդը մայիսի 2-ից կգործի Արցախի ներկայացուցչության շենքում

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարում է, որ 2025 թվականի մայիսի 2-ից սկսած իր գործունեությունը կծավալվի Արցախի ներկայացուցչության շենքում՝ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի 17Ա հասցեում։

Քաղաքացիներին կընդունեն մայիսի 5–ից։

«Այս ժամանակահատվածում մեր համաքաղաքացիները կարող են իրենց հուզող հարցերն ու խնդիրները, ինչպես նաև առաջարկությունները ներկայացնել Խորհրդի Ֆեյսբուքյան էջին՝ հաղորդակցության համար։

Սկսած մայիսի 5-ից քաղաքացիները կկարողանան անձամբ այցելել ներկայացուցչության շենք, հանդիպել Խորհրդի անդամներին, քննարկել իրենց հարցերն ու առաջարկները և անհրաժեշտության դեպքում դրանք փոխանցել համապատասխան մասնագիտական խմբերին»,–ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցիներն ընդունել են որոշում՝ իրենց շտաբ-վրանը տեղափոխել Երևանում գործող Արցախի ներկայացուցչության տարածք։ Այդ մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը՝ նշելով, որ կառավարության առաջիկա նիստում նախատեսվում է երկարաձգել «40+10» աջակցության ծրագիրը, որը վերաբերում է արցախցիներին։ Դրան հաջորդած կառավարության նիստում ծրագիրը երկարացվեց 2 ամսով։