2 մայիսի 2025 - 11:33 AMT
Մալյան․ Գրագետ պրոցեսի դեպքում իմպիչմետի գործընթացը կներառի նաև այլ իշխանամետ պատգամավորների

«Արթուն ենք» շարժման համահիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ գրագետ կազմակերպված պրոցեսի դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմետին կմիանան նաև իշխանամետ պատգամավորներ։

«Ըստ էության, Հովիկ Աղազարյանը երեկ ասաց, որ պատրաստ է միանալ, մասնակել իմպիչմետի գործընթացին։ Հավատացնում եմ՝ նորմալ, ճիշտ, գրագետ կազմակերպված պրոցեսի դեպքում այդ գործընթացը կներառի նաև այլ պրոիշխանական պատգամավորների»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա հավելել է, որ այս պահից սկսած այլևս անհարկի է հարց բարձրացնել՝ կմիանա՞ն ՔՊ խմբակցության պատգամավորները գործընթացին, թե ոչ։

«Դա արդեն հին արգումենտ է այս գործընթացից խուսափելու համար»,–ասել է նա։

Մալյանը հիշեցրել է, որ ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժումը ԱԺ բոլոր պատգամավորներին փոխանցել է անհատական նամակներ՝ կոչ անելով ձեռնարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը՝ տրամադրելով 10 օրվա խելամիտ ժամկետ։

«Հետևում ենք ԱԺ բոլոր պատգամավորների հարցազրույցներին, գրառումներին, գնում են տարբեր տաղավարներ, խոսքեր են ասում՝ լավ, վատ, սակայն այս պահի դրությամբ պատգամավորներից ոչ մեկը նախաձեռնություն չի ցուցաբերել հանդիպելու մեզ հետ։ Եթե մեր երկուսի իրական նպատակը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը, ապա հարց է առաջանում՝ եթե ունեն տարակարծություններ մեր մեթոդի հետ, ինչու կապի դուրս չեն գալիս, փորձում հանդիպել։ Չեմ խորանում այդ պատճառների մեջ։

Անում եմ իմ առաջարկը՝ մայիսի 2-ին ժամը 20։30-ին սիրով հրավիրում եմ բոլոր այն պատգամավորներին, որոնք հարցեր, տարաձայնություններ, ճշգրտման կարիք կապված իմպիչմետի գործընթացի հետ, հանդիպման։

Ես անընդհատ փորձում եմ այնպես անել, որ մեր ընդդիմադիր պատգամավորները ևս դառնան իմպիչմենտի շահառուներ, ինչքանով է ստացվում, թե չի ստացվում, չգիտեմ, գնահատականը կտա հանրությունը։

Իմպիչմենտը համարում ենք իշխանափոխության միակ հնարավորությունը, սիրով կլսենք եթե ինչ- որ մեկն իշխանափոխության այլ տարբերակ ասի»,–ասել է Մալյանը։

Նրա գնահատմամբ՝ հասարակության արձագանքը հաստատել է գործընթացի կարևորությունը, և ըստ Մալյանի, «իմպիչմենտի գործընթացն այլևս անխուսափելի է»։

Ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժման անունից ԱԺ բոլոր պատգամավորներին հանձնվել են Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում (10 օրվա ընթացքում) անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ) նախաձեռնելու առաջարկով անհատական նամակներ: