Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող պատանիների և երիտասարդների ծանրամարտի աշխարհի առաջնության շրջանակում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը որին մարզում է Քրիստինե Պետրոսյանը, 55 կգ քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր։
Նա հաջողություն է գրանցել պոկում վարժությունում՝ վեր բարձրացնելով սկզբում 85 կգ, ապա՝ 88 կգ, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Հրում վարժությունում Ալեքսանդրան կարողացել է գլխավերևում պահել 116 կգ, ինչի արդյունքում նա գրանցել է լավագույն արդյունքը՝ նվաճելով այդ վարժության ոսկե մեդալը։
Երկամարտի արդյունքը կազմել է 204 կգ, ինչը Ալեքսանդրա Գրիգորյանին ապահովել է բրոնզե մեդալ երիտասարդների աշխարհի առաջնությունում։
Երիտասարդական հավաքականը մարզում են Մելիք Ղուկասյանը և Դավիթ Մուրադյանը, պատանեկան թիմը՝ Երվանդ Կիրակոսյանը, իսկ կանանց հավաքականը ղեկավարում է Տարոն Թոմվասյանը։