2 մայիսի 2025 - 13:00 AMT
«Հայաստան» խմբակցությունը պատրաստ է իր բոլոր անդամների ստորագրություններով նպաստել իմպիչմենտի մեկնարկին

«Հայաստան» խմբակցությունը միաձայն վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու իր 28 պատգամավորի ստորագրությունները վարչապետին անվստահություն հայտնելուգործընթացի մեկնարկի համար, եթե այն նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին։ Այդ մասին ասվում է խմբակցության տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ խմբակցությունը մշտապես աջակցել է այն բոլոր նախաձեռնություններին, որոնք միտված են վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն։ Ըստ խմբակցության, Փաշինյանի հեռացումը շարունակում է դիտվել որպես պետության ու ժողովրդի համար կենսական հրամայական։ Խմբակցությունը հստակեցրել է, որ հենց իրենք են առաջինը առաջ քաշել իմպիչմենտի իրավական մեխանիզմի կիրառման գաղափարը։

Հայտարարության մեջ ընդգծված է. «Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի միջոցով անվստահություն հայտնելու քաղաքական և իրավական ծանրակշիռ հիմքերն առկա են։ Մյուս կողմից գործող վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն։ Գործընթացի հաջողության համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն՝ ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությունը։

Նաև ակնհայտ է՝ առանց փողոցում ձևավորված հզոր, համաժողովրդական ճնշման անհնար է իմպիչմենտի հաջողության համար անհրաժեշտ՝ շուրջ երկու տասնյակ հավելյալ ձայների ապահովումը։ Ավելին, նույնիսկ այդպիսի ճնշումը վերջնական չի երաշխավորում անհրաժեշտ ձայների ապահովումը:

Նախաձեռնության հեղինակները քաղաքական կուսակցություններ կամ շարժումներ չեն ներկայացնում և, ըստ էության, որևէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում իմպիչմենտի հավանական ձախողման և դրա հետևանքների համար։

Այսօրվա դրությամբ նույնպես տեսանելի չէ նրանց կարողությունը հաջողության համար անհրաժեշտ ընդվզող զանգվածի գեներացման հարցում։ Այս ամենը խմբակցության մոտ կասկածներ է առաջացնում նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ։

Այնուամենայնիվ, «Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին»,–ասվում է հայտարարության մեջ։

Խմբակցությունը նաև անընդունելի է համարում իր պատգամավորներին թիրախավորելու, շանտաժի լեզվով խոսելու փորձերը, որոնք անպատասխան չեն կարող մնալ:

«Այս գործելաոճը կասկածներ է առաջացնում՝ արդյո՞ք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե՞ դրա տակ թաքնված է «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելու նպատակ»,- նշված է հայտարարության մեջ։

Ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժման անունից ԱԺ բոլոր պատգամավորներին հանձնվել է Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում (10 օրվա ընթացքում) անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ) նախաձեռնելու առաջարկով անհատական նամակներ: