2 մայիսի 2025 - 13:13 AMT
ՀՀ–ն տարածաշրջանի առաջատարն է մամուլի ազատության ցուցանիշով

Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է մամուլի ազատության ցուցանիշով։ Այդ են վկայում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած մամուլի ազատության 2025 թվականի համաշխարհային ինդեքսի տվյալները։

Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել՝ 2024–ի համեմատ բարձրանալով 9 հորիզոնականով և զբաղեցնելով 180 երկրների շարքում 34-րդ տեղը, հայտնում է Factor.am-ը։

2024–ին Հայաստանը եղել է 43-րդ տեղում՝ 71․6 միավորով, իսկ 2023-ին՝ 49-րդ հորիզոնականում՝ 70․61 միավորով։

Վրաստանը նահանջել է 11 հորիզոնականով՝ հասնելով 114-րդ տեղին, Ադրբեջանը՝ 167-րդն է՝ 3 տեղով նահանջով, Թուրքիան զբաղեցնում է 159-րդ տեղը՝ 1 հորիզոնական կորցնելով, Իրանը մնացել է 176-րդ տեղում, իսկ Ռուսաստանը զիջել է 9 հորիզոնական՝ դառնալով 171-րդ։

Զեկույցում նշվում է, որ թեև լրագրողների նկատմամբ ֆիզիկական ճնշումները շարունակում են լինել ազատ մամուլի նկատմամբ հարձակումների ամենավառ դրսևորումը, սակայն տնտեսական ճնշումը նույնպես լուրջ, թեև պակաս տեսանելի սպառնալիք է համարվում։ Այս տարում մամուլի ազատության տնտեսական ցուցանիշը շարունակել է անկումը՝ հասնելով ծայրահեղ վտանգավոր մակարդակի։

Ըստ զեկույցի, ամբողջ աշխարհում մամուլի ազատության վիճակը առաջին անգամ գնահատվել է որպես «դժվար»։ Հատկապես ընդգծվում է լրատվամիջոցների նկատմամբ աճող տնտեսական ճնշումը, որը պայմանավորված է գովազդի վերահսկմամբ, պետական աջակցության բացակայությամբ կամ դրա անհավասար բաշխմամբ։ Տվյալները վկայում են, որ լրատվամիջոցներն այսօր հայտնվել են խիստ բարդ վիճակում՝ խմբագրական անկախության և ֆինանսական գոյատևման միջև։

.Ըստ զեկույցի, մամուլի ազատության տնտեսական անկայունությունը խաթարել է նույնիսկ համեմատաբար բարձր վարկանիշ ունեցող երկրներին, ինչպես Հարավային Աֆրիկան (27-րդ տեղ) և Նոր Զելանդիան (16-րդ տեղ)։ ԶԼՄ-ների մասշտաբային փակում է արձանագրվել 34 երկրում, ներառյալ Նիկարագուան, Բելառուսը, Մյանման, Սուդանը և Աֆղանստանը, որտեղ լրատվամիջոցների ֆինանսական դժվարությունները խորանում են քաղաքական ճնշումների արդյունքում։

ԱՄՆ-ն (57-րդ տեղ) առանձնանում է որպես ամենածանր տնտեսական ճգնաժամ ապրող երկիր. տնտեսական ցուցանիշները վերջին երկու տարում կրճատվել են ավելի քան 14 կետով։ Տեղական լրագրությունը կանգնած է ֆինանսական գոյատևման վտանգի առաջ, մասնավորապես Արիզոնայում, Ֆլորիդայում, Նևադայում և Փենսիլվանիայում։ Լրագրողների 60%-ից ավելին պնդել է, որ դժվար է լրագրությամբ ապրուստ վաստակել, իսկ 75%-ը վստահ է, որ լրատվամիջոցների տնտեսական կենսունակությունն սպառնալիքի տակ է։ Թրամփի նոր նախագահությունը սրել է այս խնդիրները՝ օգտագործելով տնտեսական լծակները՝ մամուլին ճնշելու նպատակով, այդ թվում՝ «Ամերիկայի ձայնի» և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորման կրճատումը։

Մեդիա տնտեսության անկման պատճառներից է նաև GAFA-ի՝ Google, Apple, Facebook, Amazon և Microsoft-ի թվային գերակայությունը։ Նրանց չկարգավորվող հարթակները խլում են գովազդային եկամուտների զգալի մասը՝ խաթարելով ավանդական լրատվամիջոցների ֆինանսական հիմքը։ Միայն 2024 թվականին սոցիալական ցանցերում գովազդի ծախսերը աճել են 14%-ով՝ հասնելով 247․3 միլիոն դոլարի։

Լրատվամիջոցների սեփականության կենտրոնացումն էլ մեկ այլ սպառնալիք է. 46 երկրում ԶԼՄ-ների սեփականությունը կամ խիստ կենտրոնացված է, կամ ամբողջությամբ պետության վերահսկողության տակ։ Դրա վառ օրինակն են Ռուսաստանը և Հունգարիան, իսկ Վրաստանում «արտաքին ազդեցության» մասին օրենսդրությունը խոչընդոտում է միջազգային ֆինանսավորմանը։

Հայաստանում, ինչպես նաև Լիբանանում, Հնդկաստանում և Բուլղարիայում, մամուլի բազմաթիվ ներկայացուցիչներ կախված են պետական կամ բիզնես հովանավորությունից՝ սահմանափակելով ֆինանսական անկախությունը։ Նման տնտեսական համակարգը տարածված է 21 երկրում։

Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում մամուլի ազատության վիճակը շարունակում է վատթարանալ։ 2025 թվականին այս միտումը հասել է նոր կարմիր գծի՝ երկրների մեծ մասում գնահատման միավորները նվազել են։ Ըստ քարտեզի, աշխարհի բնակչության 56.7%-ը ապրում է երկրներում, որտեղ մամուլի ազատություն գրեթե գոյություն չունի։ Պաղեստինում, որտեղ լրագրողները ենթարկվել են իսրայելական բանակի ճնշման, սպանվել է լրատվամիջոցների մոտ 2000 աշխատակից։