ԱՄՆ 72 սենատոր աջակցություն է հայտնել Ռուսաստանի դեմ «կործանարար» պատժամիջոցների օրինագծին, եթե Մոսկվան հրաժարվի խաղաղ բանակցություններից։ Այս մասին հայտարարել է նախաձեռնության հեղինակներից մեկը՝ հանրապետական Լինդսի Գրահամը, հայտնել է Bloomberg-ը
The Wall Street Journal-ի տվյալներով՝ օրինագծի աջակցությունը գերազանցել է 60 համահեղինակների կրիտիկական շեմը, ներառյալ սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Թյուին և դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերին։ Սա ապահովում է օրինագծի անցումը Սենատում, գրում է Meduza-ն։
Գրահամը ակնկալում է, որ շաբաթվա վերջում համահեղինակների թիվը կհասնի 67-ի, ինչը թույլ կտա հաղթահարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր վետոն։
«Նախաձեռնության նպատակն է օգնել նախագահին», — բացատրել է Գրահամը, ով համարվում է Թրամփի հիմնական դաշնակիցներից մեկը սենատում։
Սենատորը հանդես է եկել օրինագծի աջակցության հայտարարությամբ այն նույն օրը, երբ ԱՄՆ-ը և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների վերաբերյալ համաձայնագիր։
Ռուսաստանի դեմ առաջնային և երկրորդային պատժամիջոցների երկկուսակցական օրինագիծը, ի թիվս այլնի, նախատեսում է 500% մաքսատուրքեր այն երկրներից ներմուծման վրա, որոնք գնում են ռուսական նավթ, նավթամթերք, բնական գազ կամ ուրան։ Նախատեսվում են նաև պատժամիջոցներ ցանկացած երկրի նկատմամբ, որը գնում է ռուսական ուրան։ Բացի այդ, օրինագիծը ներառում է արգելք ԱՄՆ ֆինանսական հաստատություններին՝ ներդրումներ կատարել Ռուսաստանի կառավարության հետ կապված կազմակերպություններում, իսկ ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է ձեռք բերել ռուսական պետական պարտատոմսեր։
Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների ֆոնին, որոնք Վաշինգտոնը վարում է առանձին Կիևի և Մոսկվայի հետ, ԱՄՆ-ը առաջարկել է թուլացնել Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները։ Սպասվում է, որ դա կարող է տեղի ունենալ, եթե պատերազմող կողմերը համաձայնության գան հրադադարի շուրջ։ Միևնույն ժամանակ, բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն սպառնացել է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե նման համաձայնության հասնել չհաջողվի։