ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը պետք է համարվի Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակի օր: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն զգալիորեն ավելին է արել, քան մյուս երկրները, այս հաղթանակը նվաճելու համար։
«Մեր դաշնակիցներից և բարեկամներից շատերը մայիսի 8-ը նշում են որպես Հաղթանակի օր, սակայն մենք առավել շատ բան ենք արել, քան որևէ այլ երկիր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ ապահովելու համար», – գրել է նա TruthSocial սոցիալական ցանցում։
Թրամփը միաժամանակ նշել է, որ նոյեմբերի 11-ը կհռչակվի որպես Առաջին համաշխարհայինում հաղթանակի օր։
«Մենք հաղթել ենք երկու պատերազմներում, ոչ ոք մեզ մոտ չէր՝ ուժով, խիզախությամբ կամ ռազմական վարպետությամբ, բայց մենք երբեք ոչինչ չենք նշում. դա այն պատճառով է, որ մենք այլևս առաջնորդներ չունենք, ովքեր գիտեն՝ ինչպես դա անել: Մենք պատրաստվում ենք նորից սկսել նշել մեր հաղթանակները», – գրել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ-ն պաշտոնապես միացել է Երկրորդ համաշխարհայինին 1941 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ճապոնական նավատորմի հարձակման հետևանքով Փերլ Հարբորի ռազմածովային բազայի վրա։ Ամերիկյան բանակի ամենամեծ կորուստները եղել են Նորմանդիայի գործողության ժամանակ՝ երկրորդ ռազմաճակատի բացման ընթացքում, որն ընթացել է 1944 թվականի հունիսի 6-ից մինչև օգոստոսի 25-ը։ Գործողությունը ավարտվել է օգոստոսի 31-ին՝ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքի ամբողջական ազատագրությամբ։
ԱՄՆ-ն նաև զգալի աջակցություն է ցուցաբերել դաշնակիցներին՝ տրամադրելով զինամթերք, տանկեր, ինքնաթիռներ, բեռնատարներ, ինչպես նաև սննդամթերք ու հումք՝ լենդ-լիզի ծրագրի շրջանակում։