2 մայիսի 2025 - 14:06 AMT
Նոր Նորքի թաղապետի, Չախոյանի ու մյուս մեղադրյալների նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք

Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքի առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում բոլոր չորս մեղադրյալների, այդ թվում՝ թաղապետի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել երկրից բացակայելու արգելքը։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը, հայտնում է Factor.am-ը։

Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն՝ մյուս երեք մեղադրյալները թաղապետարանի աշխատակազմի անդամներ են։ Վարույթը նախաձեռնվել է մի խումբ անձանց կողմից ֆիզիկական հաշվեհարդարի հատկանիշներով գործողությունների հիման վրա։

Մեկ այլ՝ մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով խուլիգանություն իրականացնելու հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում երկու անձի՝ ակտիվիստ Արթուր Չախոյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ նույնպես կիրառվել է բացակայելու արգելքը։

Արթուր Չախոյանն ու Մեսրոպ Մանուկյանն օրեր առաջ համատեղ տեսանյութ էին հրապարակել Նոր Նորքի նոր վերանորոգված թիվ 105 մանկապարտեզից՝ ցույց տալով կատարված անորակ աշխատանքները։ Դրանից հետո Չախոյանը գրառում էր արել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել է իրեն ու Մանուկյանին, սպառնացել և հայհոյել։ Հաջորդ օրը թաղապետարանի շենքում Չախոյանն ու Մանուկյանը բողոքի ակցիա էին իրականացրել՝ հրապարակելով հեռախոսազանգի ձայնագրությունը, որտեղ նախ թաղապետն է հայհոյում, ապա փոխադարձ հայհոյանքներ են հնչում։ Եվ քանի որ Տիգրան Տեր-Մարգարյանն աշխատավայրում չի եղել, ակցիայի կազմակերպիչները յոգուրտ էին լցրել թաղապետի լուսանկարների վրա, որոնք իրենց հետ էին տարել: