2 մայիսի 2025 - 14:25 AMT
Էկոնոմիկայի նախարարությունը դադարեցրել է մասնագետների ներգրավման ծրագիրը՝ ցածր արդյունավետության պատճառով

Էկոնոմիկայի նախարարությունը արձագանքել է մամուլում շրջանառվող տեղեկությանը, ըստ որի՝ նախարարության կողմից իրականացվող Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրի շրջանակում ծախսվել է 3.8 մլրդ դրամ, իսկ ծրագրի անարդյունավետ լինելը նկատվել է ծախսերից հետո։

Նախարարությունը պարզաբանել է,որ մասնագետների ներգրավման ծրագիրը դադարեցվել է ցածր արդյունավետության պատճառով։

«Նախ՝ վերը նշված ծրագիրը գործում է 2022 թվականից, որի իրականացման պատասխանատուն ի սկզբանե հանդիսացել է «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Գևորգ Պապոյանի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո այն փոխանցվել է նախարարությանը, և նախարարի կողմից անմիջապես հանձնարարվել է անցկացնել մոնիթորինգ ծրագրի արդյունավետության գնահատման վերաբերյալ։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տնտեսության զարգացման վրա դրա ազդեցությունը եղել է ի սկզբանե ակնկալվածից ցածր, ինչը հիմք է հանդիսացել կայացնել որոշում առկա ծրագրի հետագա գործողության դադարեցման վերաբերյալ։ Նախարարի կողմից հանձնարարվել է սույն ծրագրով նախատեսված պետական միջոցներն ուղղել գերակա այլ ուղղությունների, որոնց պահանջարկը քաղաքացիների շրջանում մեծ է, արդյունավետությունը՝ ավելի բարձր։

Ինչ վերաբերում է ծրագրի շրջանակում արդեն իսկ վճարված գումարներին՝ կրկին նախարարի հանձնարարականով իրականացվում է հաշվարկների ճշգրտում։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համար պետական միջոցների արդյունավետ օգտագործումը առաջնային է և ենթակա չէ քննարկման»,–ասվում է պարզաբանման մեջ։