Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ տարեվերջին նախատեսվում է Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը, որը, ըստ նախարարի, սահմանափակ, բայց դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա։
«Եթե այս տարի արդեն սկսվի Ամուլսարի գործարկումը, դա կարող է որոշակիորեն, մեր գնահատմամբ, 0.5 տոկոսի շրջանակներում ազդեցություն ունենալ ՀՆԱ-ի աճի վրա»,- ասուլիսի ընթացքում ասել է Վահե Հովհաննիսյանը, հայտնում է Panorama.am-ը։
Նա ընդգծել է, որ ծրագրի տնտեսական ներգործությունը հիմնականում սահմանային բնույթ է կրելու։
Վահե Հովհաննիսյանն ասել է նաև, որ հայկական տնտեսության աճը վերադարձել է իր բնականոն, պոտենցիալ տեմպին՝ կազմելով մոտ 5-5.5 տոկոս։
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր տարեկան զեկույցի «Առողջ շրջակա միջավայրի իրավունք» բաժնում ահազանգել էր հայաստանցի բնապահպանների նկատմամբ հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունների կողմից իրականացվող արշավների մասին։ Զեկույցում ասվում էր, որ բնապահպանները բախվել են դատական հայցերի, որոնք նպատակ ունեին լռեցնել նրանց, ինչպես նաև դարձել են լրատվամիջոցների զրպարտչական արշավների թիրախ։