Ջրծաղիկի դեմ պատվաստանյութը Հայաստանում ներդրվել է 2025 թվականից, նախատեսված է 2023 թվականից հետո ծնված՝ 1 տարին լրացած և նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց համար։ Գործընթացը հարթ է ընթանում։ Այդ մասին ասուլիսում ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։
Նա նշել է, որ 2023 թվականից հետո ծնվածների 13 տոկոսն արդեն պատվաստվել է ջրծաղիկի դեմ, հայտնում է Aysor.am-ը։
Նա պարզաբանել է, որ նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար պատվաստումն օրենքով պարտադիր չէ, սակայն «պատվաստվելը խրախուսվում է»։
Անդրադառնալով կարմրուկի տարածման թեմային՝ Աթոյանը նշել է, որ ներկայումս կարմրուկի բարձր մակարդակ է աշխարհում, իսկ հաշվի առնելով, որ մեկնարկում է արձակուրդային սեզոնը, աճում է հավանականությունը, որ քաղաքացիները կարող են վարակվել արտերկրում։
«Պետք է զգոն պահել հասարակությանը, բայց ուզում եմ նշել, որ Հայաստանում կարմրուկի դեմ պատվաստման բարձր մակարդակ ունենք», - ընդգծել է ՀՎԿԱԿ տնօրենը։
Հայաստանում ժամանակ առ ժամանակ լինում եմ ջրծաղիկի բռնկումներ, վերջին մեծ բռնկումը գրանցվել է 2022-ին։ Ջրծաղիկի պատվաստանյութը ներդրվելու է փուլային տարբերակով։Ավելի վաղ հայտարարվել էր, որ սկզբում պատվաստումը կիրականացվի 1 տարեկան երեխաների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում: Իսկ 2027 թվականից կիրականցվի ըստ օրացույցի՝ 1 տարեկանների (առաջին դեղաչափ) և 4-6 տարեկանների (երկրորդ դեղաչափ) շրջանում, ինչպես իրականացվում է կարմրուկի և կարմրախտի դեպքում։