ԱՄՆ-ից Հայաստան ուղարկված միջազգային սուրհանդակային առաքանիների զննման ընթացքում հայտնաբերվել է մոտ մեկ կիլոգրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի առնչությամբ ձերբակալվել է 3 ՀՀ քաղաքացի։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Էլեկտրոնային առևտրի ու օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները մաքսային հսկողություն են իրականացրել «ՕՆԷՔՍ» ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում՝ զննելով ԱՄՆ-ից Հայաստան ուղարկված սուրհանդակային առաքանին։
Bացի անձնական օգտագործման իրերից և հագուստից, փաթեթում հայտնաբերվել է 970 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված անհետաձգելի միջոցառումներով պարզվել է, որ առաքանու հասցեատերը պատրաստվում է այն վերցնել «ՕՆԷՔՍ»-ի պահոցից, որը անմիջապես վերցվել է շուրջօրյա հսկողության տակ։
Արդյունքում, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» մասնաշենքից մաքսանենգության անմիջական կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Ա.Ա.-ն։ Նա ենթարկվել է անձնական խուզարկության և տեղափոխվել ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ քրեական վարույթի շրջանակում նա ձերբակալվել է։
Հետագա գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված թմրամիջոցը նախատեսված է եղել վաճառքի՝ տելեգրամյան հարթակի միջոցով։ Ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ նշված թմրամիջոցները պետք է վերցնեին Վանաձոր-Ստեփանավան թունելի հարակից հատվածից։
Տվյալ վայրում իրականացված դարանակալման արդյունքում պարզվել է այն անձանց ինքնությունը, ովքեր նախատեսել են ձեռք բերել թմրամիջոցը։ Գործողություններին ներգրավվել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները։
Նրանց աջակցությամբ Ստեփանավան քաղաքի հասցեներից մեկում մարիխուանա ձեռք բերելու և իրացնելու անմիջական կասկածով ձերբակալվել են ևս երկու ՀՀ քաղաքացի։ Նրանք ենթարկվել են անձնական խուզարկության և տեղափոխվել ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն, ապա՝ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ արդեն ձերբակալվել են՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Ներկայում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները շարունակում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ պարզելու այս գործով հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ապացուցված չէ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։