Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել լիցենզավորման գործընթացում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը, որով նախատեսվում է փոխել նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգը։
Առաջարկվում է վերանայելով նախադպրոցական ուսումնական հաստատությունների ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը և միևնույն ժամանակ նվազեցնել հիմնական աշխատակիցների տոկոսային շեմը նման հաստատություններում։
Փաստաթղթի հիմնավորմամբ՝ այս փոփոխություններով հնարավոր կլինի, որ զարգացում անվամբ հանդես եկող, բայց փաստացի նախադպրոցական ծառայություններ մատուցող կազմակերպությունները կարողանան անցնել լիցենզավորման ընթացքն առանց լրացուցիչ խոչընդոտների։
Հանրային նշանակության տարածքների պահանջի քննարկումների ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ նախադպրոցական ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ հիմնական կրթական ծրագիր իրականացնողները, լիցենզավորման ժամանակ բախվել են խնդրի, քանի որ դեռևս շատ հաստատություններ գործում են բնակելի տարածքներում։ Այդ պատճառով առաջացել է անհրաժեշտություն փոխարինելու հասարակական նշանակության պահանջը՝ հնարավոր դարձնելով հաստատությունների գործունեությունը նաև հասարակական և բնակելի նշանակության տարածքներում։
Հաշվի առնելով, որ կան կազմակերպություններ, որոնք մատուցում են մինչև չորս ժամ տևողությամբ նախադպրոցական ծառայություններ, առաջարկվել է վերանայել մանկավարժական անձնակազմի հիմնական աշխատակիցների պահանջը։ Քանի որ նման մասնագետները հաճախ միաժամանակ աշխատում են այլ հաստատություններում, նախագծով նախատեսվում է նվազեցնել հիմնական աշխատողների 80% շեմը՝ հասցնելով այն 50 տոկոսի։
Ոչ պետական կենտրոնները, որոնք իրականացնում են տարբեր նախադպրոցական ծրագրեր և ծառայություններ, կարողանալու են լիազոր մարմնի հսկողության ներքո գործել՝ պահպանելով երեխաների առողջությանն ու անվտանգությանն առնչվող նվազագույն չափանիշները (հիգիենիկ, սանիտարահամաճարակային, հրդեհային անվտանգության և այլն), ինչպես նաև կրթական ծրագրերով սահմանված արդյունքները։
Նախագծի վերաբերյալ քննարկումը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում և շարունակվելու է մինչև մայիսի 13-ը։ Բոլոր քաղաքացիներն ու շահագրգիռ կառույցները կարող են ներկայացնել իրենց դիտարկումները, կարծիքներն ու առաջարկները։