Վիրուսային հիվանդությունների ընթացքն այսօր տևական բնույթ է ստացել, ինչին, ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանի, նպաստել է այն հանգամանքը, որ քովիդի լոքդաունի ընթացքում այդ վիրուսները շրջանառության մեջ չեն եղել։ Այդ մասին նա հայտնել է Աղվերանում լրագրողների հետ կազմակերպված արտագնա հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն ևս կանխատեսում էր, որ քովիդի համավարակից հետո վարակիչ տարատեսակ հիվանդությունները, ոչ միայն սուր շնչառական, այլև աղիքային վիրուսները, այսպես ասած, գլուխ են բարձրացնելու, հայտնում է Sputnik Արմենիան։
«Լոքդաունի շրջանում շփումները նվազեցվել էին, մեծ քանակի ախտահանիչ նյութեր էին օգտագործվում, պաշտպանիչ դիմակներ և այլն, և շուրջ մեկ տարի և ավելի վիրուսները չեն շրջանառվել, հիմա ավելի կուտակված վիճակ է, ընկալ օրգանիզմները (վիրուսներն ընկալելու) ավելի շատ են»,- բացատրել է Աթոյանը։
Մասնագետները նշել են, որ այս իրավիճակի գագաթնակետը՝ այսպես կոչված «պիկը», արդեն հաղթահարվել է, և այժմ վերադարձ է արձանագրվում բնականոն վիճակին։
Այս պահին շրջանառվում են վիրուսների յոթ տարբեր տեսակներ, ինչի արդյունքում հնարավոր է, որ հիվանդությունից հետո մարդը վարակվի այլ վիրուսով, ու դա տպավորություն ստեղծի, թե հիվանդությունը երկարատև է, կամ չի անցնում։
Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է ազդել վիրուսների պահպանման վրա, ապա Աթոյանը հստակեցնում է, որ նման եզրակացություն անել հնարավոր չէ՝ անհրաժեշտ տվյալների բացակայության պատճառով։
«Այն չափումները, որոնք իրականացվում են, դրանք արվում են շինհրապարակների շուրջ, որոնք չեն կարող լիարժեք պատկեր տալ Երևանի օդի աղտոտվածության մակարդակի վերաբերյալ»,- ասել է Աթոյանն ու հավելել՝ հիմա նախաձեռնվում է գործընթաց օդի աղտոտվածության իրական պատկերը հասկանալու համար։
Միևնույն ժամանակ մասնագետն ընդգծել է, որ համաշխարհային համատեքստում Երևանը օդի աղտոտման ցուցանիշներով վատագույն դիրքերում չէ։