«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ՝ հավատարիմ կմնան կոալիցիոն հուշագրին և մայրաքաղաքը չեն տա ռուսահպատակներին:
«Հանրապետություն» կուսակցությունը Երևան քաղաքում կոալիցիա չի կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ պաշտոններ ունենալու մոլուցքով, մենք գաղափարական ենք, պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ՝ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին և մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին։ Հույս չունենաք...»,- գրել է Սարգսյանը:
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը անդրադառնալով Նոր Նորքի վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ ակնհայտ է, որ ՔՊ կուսակցությունը իշխանությունը պահելու նպատակով տեղի է տալիս կեղծ-եվրոպամետ, իրականում՝ քրեական բարքեր դավանող «Հանրապետություն» կուսակցության կապրիզներին ու շանտաժներին՝ զոհաբերելով դրա համար հասարակության բարեկեցությունն ու օրինականությունը։
«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարել է, որ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցածն ակնհայտ պլանավորված և կազմակերպված սադրանք է, որի թիրախը վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետը չէ, այլ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը։ Ըստ կուսակցության՝ ամենաանպաշտպան մարդը դարձել է պետական ծառայողը։