Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կատարել իր նախընտրական խոստումը՝ ճնշում գործադրել Բաքվի վրա իր հոր և մյուս հայ քրիստոնյա գերիներին ազատ արձակելու համար։ Նա այդ մասին գրել է Fox News-ում հրապարակված հոդվածում։
«Ընտանիքս և ես հուսով ենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը կկատարի իր պարտավորությունները որպես նախագահ, որը հանդես գալիս որպես խաղաղության կողմնակից։ Նա կարող է անել դա՝ ստիպելով Բաքվին հետևել միջազգային կանոններին, և ցույց տալ հավատարմությունը խաղաղությանը՝ նպաստելով հորս և մյուս հայ բանտարկյալների ազատ արձակմանը», – նշել է Դավիթ Վարդանյանը։
Նա նկարագրել է այն սարսափելի իրավիճակը, որում հայտնվել է 120,000 հայ քրիստոնյա Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտման արդյունքում։
«Անցյալում, երբ հայերը բախվել են նմանատիպ վայրագությունների, Ամերիկան հերոսաբար արձագանքել է։ 20-րդ դարի սկզբին, երբ Օսմանյան թուրքերը կոտորած են իրականացրել 1.5 միլիոն հայ քրիստոնյաների նկատմամբ՝ ճանաչված որպես այդ դարի առաջին ցեղասպանություն, սովորական ամերիկացիները հիմնել են Մերձավոր Արևելքի Օգնության հիմնադրամը։ Նրանք հավաքել են ավելի քան 117 միլիոն դոլար (այսօրվա 2.7 միլիարդ դոլարին համարժեք)՝ փրկելու հայ որբերին և փախստականներին, ինչը դարձել է Ամերիկայի առաջին խոշոր միջազգային մարդասիրական նախաձեռնությունը։ Նախագահ Վիլսոնը ակտիվորեն աջակցել է նրանց գործին՝ հայտնի դարձնելով «ողջակիզվող հայեր» արտահայտությունը, որը դարձել է ազգային բառապաշարի մի մասը։
Փրկված հայերը դարձել են Ամերիկայի հասարակության անբաժանելի մասը։ Ամերիկացիները, երբ վայելում են Շերի երաժշտությունը, դիտում Քիմ Քարդաշյանի հեռուստաշոուները կամ հիշում Անդրե Աղասիի թենիսի հաղթանակները, ականատես են լինում Ամերիկայում ապաստան գտած և Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգությանը։
Ներկայումս, իմ հայրը՝ Ռուբեն Վարդանյանը, չունի հնարավորություն պատմելու իր պատմությունը։ Ավելի քան 550 օր է, ինչ նա քաղաքական բանտարկյալ է՝ պարզապես Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպան լինելու համար՝ ապրելու իրենց նախնիների հողերում։
Միայն նա չէ այդ վիճակում։ Ներկայումս առնվազն 23 այլ հայ քրիստոնյա կալանավորներ ապօրինաբար պահվում են Բաքվում»,–ասվում է հոդվածում։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։