«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ կուսակցությունն առանձին է մասնակցելու 2026 թվականի ընտրություններին։ Նա հավաստիացրել է, որ կուսակցությունն ունի դրա համար բավարար հնարավորություններ։ Վանեցյանն այդ մասին խոսել է 168․am-Ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Արցախի խնդիրը լուծված է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ, մինչդեռ աշխարհում որևէ մեկը, այդ թվում Ադրբեջանի ղեկավարն, այն փակված չի համարում։ Ըստ նրա, կան միջազգային մեխանիզմներ, որոնցով ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր է հասնել հարցի լուծման։
Անդրադառնալոբ ներքաղաքական զարգացումներին՝ Վանեցյանը կոչ է արել պատրաստվել ընտրությունների։
««Հայրենիք» կուսակցությունը, ընդդիմադիր, հայրենասեր քաղաքական ուժերը պետք է հասկանան մի բան, որ մենք դասական քաղաքական պայքարի մեջ չենք, իրականում՝ ազատագրական պայքարի մեջ ենք և բոլորս պետք է քայլեր ձեռնարկենք մեր հայրենիքը ներքին թշնամուց ազատագրելու համար»։
Նա նկատել է, որ հանրության մի մասն ակնկալում է կտրուկ գործողություններ, մինչդեռ ընդդիմությունն արդեն իրականացրել է իր հնարավոր կոշտ քայլերը։ Վանեցյանը ընդգծել է, որ մնացած տարբերակներից ամենածայրահեղը՝ ահաբեկչությունը, լիովին անընդունելի է իր համար։ Նա հավելել է, որ ընդդիմության պայքարն արդյունքներ է տվել, ինչն արտացոլվում է նույնիսկ իշխանական հարցումների տվյալներում։
«Փաշինյանը հասկանում է՝ իշխանությունը կորցնելուց հետո այս երկրում հանգիստ ապրելու շանս չունի, հետևապես, մարդկանց պետք է հասցնել այն ընկալման, որ այս իշխանությունից պետք է ազատվել»,- ասել է Վանեցյանը։
Նա խոսել է նաև Փաշինյանի իմպիչմենտի նախաձեռնության մասին՝ նշելով, որ ցանկացած պատգամավոր կարող է այն նախաձեռնել, տանել պատգամավորներին ասել՝ ստորագրեք։ Նա հավելել է, որ չեն կարող ԱԺ ընդդիմադիր պատգամավորները դեմ լինել Փաշինյանին անվստահություն հայտնելուն։
«Օրինակ, ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, լինելով խորհրդարանի երկրորդ ամենամեծ ուժը, պետք է առաջադրեր վարչապետի թեկնածու։ Վստահ եմ, որ խմբակցության պատգամավորներն անպայման անելու են Փաշինյանին իշխանությունից հեռացնելու քայլեր։ Եթե գեներացվի գործընթաց, և լինեն դրա տակ չստորագրող ընդդիմադիր պատգամավորներ, այն ժամանակ կարձագանքենք»,–ասել է Վանեցյանը։
«Հայաստան» խմբակցությունը միաձայն վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու իր 28 պատգամավորի ստորագրությունները վարչապետին անվստահություն հայտնելուգործընթացի մեկնարկի համար, եթե այն նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին։ Այդ մասին ասվում է խմբակցության տարածած հայտարարության մեջ։