3 մայիսի 2025 - 10:47 AMT
Փաստաբան․ Չի կազմակերպվել դատաբժշկի այցը ԲԿ՝ Չախոյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնելու համար

Նոր Նորքի վարչական շրջանում թաղապետի մասնակցությամբ ծեծկռտուքի հետևանքով հիվանդանոց տեփափոխված ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնելու համար դատաբժշկի այցը ԲԿ չի կազմակերպվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։

Փաստաբանը հիշեցրել է, որ Չախոյանը հոսպիտալացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն և մինչ օրս շարունակում է ստանալ ստացիոնար բուժում՝ այն վնասվածքներից, որոնք, իր պնդմամբ, պատճառվել են «Նոր Նորքի թաղապետի և նրա հանցակիցների գործողությունները»։

«Քննիչի կողմից նախորդիվ իրավացիորեն կայացվել էր Արթուր Չախոյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու որոշում, որը, սակայն, անհնարին է, քանի որ ըստ բժիշկների` Չախոյանը դեռ պետք է շարունակի ստանալ համապատասխան բուժում և քանի դեռ դուրս չի գրվել ԲԿ ֊ից, չի կարող այցելել դատաբժշկի` փորձաքննության ենթարկվելու։

Հարկ եմ համարում իրազեկել, որ չի կազմակերպվել նաև դատաբժշկի այցը ԲԿ տեղում Ա. Չախոյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնելու համար, որպիսի հանգամանքով պայմանավորված` այսօր պաշտպանության կողմն է հանդես եկել համապատասխան միջնորդությամբ։

Հատկանշական է, որ Ա. Չախոյանի նկատմամբ փորձաքննության իրականացման հապաղումը կարող է բացասաբար անդրադառնալ վերջինիս ստացած վնասվածքների իմաստով ճիշտ հետևությունների հանգելու, օբյեկտիվ եզրակացություն կայացնելու համաի, ինչը էական նշանակություն կարող է ունենալ Նոր Նորքի թաղապետի ու իր հանցակիցների իրականացրած գործողություններին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու կապակցությամբ»,–ասվում է գրառման մեջ։

Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքի առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում բոլոր չորս մեղադրյալների, այդ թվում՝ թաղապետի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել երկրից բացակայելու արգելքը։

Մեկ այլ՝ մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով խուլիգանություն իրականացնելու հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում երկու անձի՝ ակտիվիստ Արթուր Չախոյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ նույնպես կիրառվել է բացակայելու արգելքը։