Բաքուն մեղադրել է Մոսկվային փետրվարի 20–ին իր մեդիաների դեմ կիբերհարձակման մեջ։ Այդ մասին հայտարարել է խորհրդարանի արտաքին միջամտության դեմ պայքարի հանձնաժողովի ղեկավար Ռամիդ Նամազովը։
Նա հավելել է, որ հարձակումը կազմակերպել է ռուսական APT29 հաքերային խումբը, այն իրականացվել է բարձր տեխնիկական մակարդակով։ Նա հայտարարել է, որ դա հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հռչակագրին, գրում է Minval.az-ը։
Ըստ նրա, կիբերհարձակման հնարավոր պատճառ կարող է լինել 2025 թվականի փետրվարի սկզբին Ադրբեջանի ԱԳՆ-ի պահանջով Բաքվում գործող «Ռուսական տան» գործունեության դադարեցումն, ինչպես նաև «Ռոսիա Սեգոդնյա» մեդիախմբի ներկայացուցչության (Sputnik Ադրբեջան) փակումը: Այս քայլերը լարվածություն են առաջացրել երկու երկրների հարաբերություններում:
Նամազովը նաև հայտնել է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները արդեն սկսել են բանակցություններ ռուս գործընկերների հետ այս հարցով:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը նշել է, որ կիբերհարձակումները համարժեք են ռազմական հարձակումների, և կոչ է արել քննարկել տեղի ունեցածը դիվանագիտական մակարդակով:
Փետրվարի 20-ի կիբերհարձակումը ազդել է Global Media Group-ի կազմում ընդգրկված մի շարք լրատվական կայքերի վրա: Ադրբեջանի մեդիայի զարգացման գործակալությունը հայտնել է կայքերի սերվերների և կառավարման վահանակների վրա հարձակման փորձերի մասին, ինչպես նաև գլխավոր էջերում պատկերների տեղադրման մասին: Ռուսաստանի պաշտոնական կողմը դեռևս չի մեկնաբանել Բաքվից հնչած կիբերհարձակման կազմակերպման մեղադրանքները: