3 մայիսի 2025 - 12:33 AMT
Ուղեծրում մնացած խորհրդային «Կոսմոս-482» սարքը կարող է ընկնել Երկրի վրա

Խորհրդային «Կոսմոս-482» միջմոլորակային տիեզերական սարքը, որը 1972 թվականին գործարկվել էր Վեներան ուսումնասիրելու նպատակով, առաջիկա օրերին կարող է մուտք գործել Երկրի մթնոլորտ։ Մասնագետների գնահատմամբ՝ այս իրադարձությունը սպասվում է մոտավորապես մայիսի առաջին կեսում։

Մոտավորապես 495 կիլոգրամ քաշ ունեցող մոդուլը, որը նախատեսված էր Վեներայի մթնոլորտի ծայրահեղ պայմաններում աշխատելու համար, կարող է դիմանալ բարձր ջերմաստիճաններին և ճնշումներին, ինչը մեծացնում է նրա պահպանման հավանականությունը Երկրի մթնոլորտ մուտք գործելիս, հայտնում է BBC-ն։

Սարքը գործարկվել է 1972 թվականի մարտի 31-ին Բայկոնուր տիեզերակայանից «Վեներա-8» ծրագրի շրջանակում, սակայն «Բլոկ Լ» արագացուցիչի աշխատանքի խափանման պատճառով, որը կապված էր սխալ կարգավորված ժամանակաչափի հետ, սարքը չկարողացավ լքել Երկրի ուղեծիրը և մնաց այնտեղ։

Անհաջող գործարկումից հետո սարքը ստացել է «Կոսմոս-482» անվանումը, ինչը ԽՍՀՄ-ում տարածված պրակտիկա էր՝ մոլորակային առաքելությունների ձախողումները քողարկելու համար։ Կայանի որոշ բեկորներ արդեն մուտք են գործել մթնոլորտ և այրվել, սակայն վայրէջքի մոդուլը շարունակել է պտտվել երկարաձգված էլիպսաձև ուղեծրով։

«Տեխասյան տեղեկագիր» տելեգրամյան ալիքի հեղինակ Գեորգի Տրիշկինը նշել է. «Տիտանից պատրաստված վառելիքի բաքերի տարրերը մի քանի օրվա ընթացքում դուրս են եկել ուղեծրից և ընկել Նոր Զելանդիայում։ Իսկ կայանի և հրթիռի չորրորդ աստիճանի՝ Բլոկ Լ-ի մասերը մնացել են երկարաձգված էլիպսաձև ուղեծրում»։

Մասնագետները զգուշացնում են, որ Վեներայի խիստ պայմանների համար նախատեսված ամուր կառուցվածքի պատճառով վայրէջքի մոդուլը կարող է չքանդվել Երկրի մթնոլորտ մուտք գործելիս, բացի այդ, պարաշյուտային համակարգը, հավանաբար, այլևս չի գործում, ինչը անկումը դարձնում է անկառավարելի ։

Սպասվում է, որ սարքը մթնոլորտ կմտնի 2025 թվականի մայիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում։ Ընկնելու ճշգրիտ կետը հայտնի չէ, սակայն վտանգի գոտին ընդգրկում է 52° հյուսիսայինից մինչև 52° հարավային լայնություններ, ներառյալ Եվրոպայի, Ասիայի, Ավստրալիայի, Աֆրիկայի և Ամերիկայի որոշ հատվածներ ։

Թեև բեկորների բնակեցված տարածքներ հասնելու հավանականությունը փոքր է, այն չի բացառվում։

Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնի աստղագետ Ջոնաթան Մակդոուելը նշել է. «Եթե ջերմապաշտպանիչ վահանը մնա ամբողջական, ապա սարքը կարող է մուտք գործել մթնոլորտ անփոփոխ վիճակում, և այդ դեպքում Երկիր կընկնի կես տոննա քաշ ունեցող մետաղական օբյեկտ» ։

Այնուամենայնիվ, մասնագետները շեշտել են, որ բնակչության համար վտանգը աննշան է և համեմատելի է մետեորիտի հարված ստանալու հավանականության հետ։ Բացի այդ, քանի որ Երկրի մակերեսի մեծ մասը ծածկված է օվկիանոսներով, դա զգալիորեն մեծացնում է բեկորների ջրի մեջ ընկնելու հնարավորությունը։

Photo. Getty Images