3 մայիսի 2025 - 11:48 AMT
Թաթոյանը և հոգևոր առաջնորդները քննարկել են Սյունիքի զարգացումները և գերիների վերադարձի հարցը

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմը ներկայացնող Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ետ։

Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են այն հարցերը, որոնք առնչվում են Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքներին։ Նա ներկայացրել է ապրիլի 12-13-ը Սյունիքի գյուղերում իրականացված փաստահավաք աշխատանքի արդյունքները, ինչպես նաև անդրադարձ է եղել հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին ու միջազգային կառույցների հետ համագործակցության ընթացքին։

«Քննարկեցինք հարցեր, որոնք վերաբերում են են Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքներին, ներկայացրեցի Սյունիքի գյուղերում ապրիլի 12-13-ի մեր վերջին փաստահավաք աշխատանքների արդյունքները, հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչպես նաև միջազգային ատյաններում համագործակցությունը: Քննարկեցինք նաև արցախցիների իրավունքների խնդիրները և լուծումների, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների հետ կապված հարցեր։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սփյուռքի թեմերը մեծ կարևորություն ունեն մեր համազգային իրավունքների պաշտպանության և միջազգային հարթակներում համախմբված հանդես գալու հարցում»,- հայտնել է Թաթոյանը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։