Աթենքից Երևան ժամանած 52-ամյա քաղաքացու ուղեբեռում հայտնաբերվել են թմրամիջոցներ, որոնց ընդհանուր շուկայական արժեքը գերազանցում է 200 միլիոն դրամը։ Տղամարդը ձերբակալվել է, հայտնում է ՆԳՆ–ն։
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներով, տեղեկություն էին ձեռք բերել, որ արտերկրից Երևան ժամանող 52-ամյա մի տղամարդու ուղեբեռում առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ կան։ Տեղեկությունը փոխանցվել է Պետական եկամուտների կոմիտե՝ համապատասխան հսկողություն սահմանելու նպատակով։
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարող քրեական ոստիկանները, օպերատիվ տվյալները վերջնականապես իրացնելիս, համագործակցեցին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների հետ։
Արդյունքում՝ Աթենք-Երևան չվերթի ժամանումից հետո մաքսային զննման է ենթարկվել 52-ամյա տղամարդու ուղեբեռը։ Հայտնաբերվել են ընդհանուր 4000-ից ավելի «էքստզի» տեսակի թմրամիջոցի հաբեր, 970 գրամ կոկաին, 885 հատ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող սուբուտեքսի հաբ, 5 գրամ նույն հաբի վնասված կտորներ, ինչպես նաև տարբեր գրառումներով 15 դեղապատիճ։ Հայտնաբերված թմրամիջոցների շուկայական արժեքը գերազանցում է առնվազն 200 միլիոն դրամը։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։