Արքայազն Հարրին BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ «կցանկանար հաշտվել» թագավորական ընտանիքի հետ։ Միևնույն ժամանակ նա ափսոսանք է հայտնել դատարանի որոշման կապակցությամբ, որը մերժել է իր բողոքը՝ կապված Մեծ Բրիտանիայում իր և իր ընտանիքի անվտանգության երաշխիքների հետ։
Արքայազնը բողոքարկել էր Մեծ Բրիտանիայում իր անվտանգության քաղաքականության փոփոխությունը, որը կատարվել էր 2020-ին, երբ նա հրաժարվել էր թագավորական պարտականություններից և տեղափոխվել էր ԱՄՆ։
Սասեքսի դուքսը նշել է, որ թագավորը «չի խոսում իր հետ այս անվտանգության հարցերի պատճառով», սակայն ինքն այլևս չի ցանկանում շարունակել հակասությունները։
«Չգիտեմ՝ հորս որքան ժամանակ է մնացել»,–ասել է նա։
Բուքինգհեմյան պալատը արձագանքել է՝ նշելով․ «Այս բոլոր հարցերը բազմիցս և մանրակրկիտորեն ուսումնասիրվել են դատարանների կողմից, և ամեն անգամ հանգել են նույն եզրակացության»։
Դատարանի վերջին որոշումից հետո, Հարրին ասել է. «Չեմ պատկերացնում մի իրավիճակ, որտեղ կբերեմ կնոջս և երեխաներիս Մեծ Բրիտանիա այս պահին»։
Նա ընդունել է, որ ընտանիքի որոշ անդամների հետ երկարատև տարաձայնություններ են եղել։
«Ինձ և ընտանիքիս որոշ անդամների միջև այնքան շատ անհամաձայնություններ են եղել, սակայն այժմ կցանկանայի հաշտություն ընտանիքիս հետ։ Այլևս պայքարելը իմաստ չունի, կյանքը թանկ է», ասել է արքայազն Հարրին՝ նշելով, որ անվտանգության շուրջ վեճը միշտ էլ եղել է հիմնական խոչընդոտը։
Նա հայտնել է, որ իրեն «դավաճանված» է զգացել և դատարանի պարտությունը բնութագրել որպես «հնաոճ համակարգի դավադրություն»` մեղադրելով Թագավորական tան անդամներին՝ անվտանգության կրճատման որոշման վրա ազդեցություն ունենալու մեջ։
Հարցին՝ արդյոք խնդրել է 2ագավորին միջամտել այս հարցում, արքայազնը պատասխանել է. «Ես երբեք չեմ խնդրել նրան միջամտել, այլ պարզապես ասել եմ՝ թող թողնի մասնագետներին աշխատել»։
Նա նշել է, որ անվտանգության հարցի քննարկման գործընթացը «բացահայտել է իր ամենավատ վախերը»։
«Ես հիասթափված եմ՝ ոչ այնքան պարտությունից, որքան այն մարդկանցից, ովքեր այս որոշման հետևում են կանգնած, կարծես թե սա նորմալ է։ Նրանց համար սա հաղթանա՞կ է։
Վստահ եմ՝ կան մարդիկ, ամենայն հավանականությամբ՝ նրանք, ովքեր ինձ վնաս են ցանկանում, [ովքեր] սա մեծ հաղթանակ են համարում»,–ասել է նա։
Արքայազնը նշել է, որ իր անվտանգության իրավունքի վերացումը «ամեն օր ազդեցություն է ունենում» իր վրա և հավելել, որ միայն այն դեպքում կարող է ապահով վերադառնալ Մեծ Բրիտանիա, եթե հրավիրվի Թագավորական ընտանիքի կողմից՝ ինչը կապահովի համապատասխան անվտանգություն։
Արքայազն Հարին հայտնել է, որ 2020 թվականին իր անվտանգության կարգավիճակի փոփոխությունն ազդել են ոչ միայն իր, այլև իր կնոջ և երեխաների վրա։
«Բոլորը գիտեին, որ 2020 թվականից նրանք մեզ վտանգի տակ են դնում, և հույս ունեին, որ այդ վտանգը գիտակցելով՝ մենք կվերադառնանք։ Բայց երբ հասկանում ես, որ դա չի աշխատել, արդյոք չե՞ք ուզում, որ մենք ապահով լինենք։
Անկախ նրանից՝ դուք կառավարություն եք, Թագավորական տուն, իմ հայրն եք, իմ ընտանիքը՝ մեր բոլոր տարբերություններից անկախ, արդյոք չե՞ք ուզում պարզապես ապահովել մեր անվտանգությունը»,–ասել է արքայազնը։
Երբ նրան հարցրել են՝ արդյոք կարոտում է Մեծ Բրիտանիան, նա պատասխանել է. «Ես սիրում եմ իմ երկիրը, միշտ եմ սիրել, անկախ նրանից, թե այդ երկրում որոշ մարդիկ ինչ են արել... և կարծում եմ, որ իսկապես տխուր է, որ չեմ կարող իմ երեխաներին ցույց տալ իմ հայրենիքը»։
Արքայազն Հարին որոշել է չշարունակել իրավական պայքարը՝ նշելով, որ ուրբաթ օրվա որոշումը ցույց է տվել, որ «դատարանների միջոցով հաղթելու հնարավորություն չկա»։
«Սա, իր էությամբ, ընտանեկան վեճ է, և դա ինձ իսկապես, իսկապես տխրեցնում է, որ մենք այսօր այստեղ ենք՝ հինգ տարի անց, երբ մի որոշում է կայացվել, ամենայն հավանականությամբ, իրականում ես գիտեմ, որ մեզ պահեն տանիքի տակ»,–ասել է նա։
Արքայազն Հարին պնդել է, որ Թագավորական Տունը միջամտել է 2020 թվականի որոշմանը, որի արդյունքում նա, որպես ամենավտանգված թագավորական անձ, «մեկ գիշերվա ընթացքում» դարձել է ամենաքիչ վտանգվածը։
«Այսպիսով, հարց է առաջանում՝ ինչպես դա հնարավոր է, և նաև այդ ժամանակ դրա շարժառիթը», - հավելել է նա։
Արքայազն Հարին շոկ է ապրել՝ իմանալով, որ Թագավորական տան ներկայացուցիչը եղել է Ravec կոմիտեի կազմում և պնդել է, որ դատարանի որոշումը հաստատել է, որ որոշումը կայացվել է ոչ այնքան իրավական հիմքերի, որքան Թագավորական տան ազդեցության ներքո։
Արքայազն Հարին դիմել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Սըր Քիեր Սթարմերին և Ներքին գործերի նախարար Յվեթ Քուպերին՝ միջամտելու իր անվտանգության գործին և բարեփոխելու Ravec կոմիտեի գործունեությունը։
Դատարանը նշել է, որ արքայազն Հարին ներկայացրել է «ուժեղ» փաստարկներ իր և իր ընտանիքի առջև ծառացած սպառնալիքների վերաբերյալ, սակայն եզրակացրել է, որ նրա «վրդովմունքի զգացումը» իրավական փաստարկ չի հանդիսանում։
Նրա իրավական բողոքը Թագավորական և Հանրային Անձանց Պաշտպանության Կոմիտեի (Ravec)դեմ էր, որը պատասխանատու է բարձրագույն թագավորական անձանց անվտանգության ապահովման համար Ներքին գործերի նախարարության անունից և որն այդ ժամանակ նախագահում էր Սըր Ռիչարդ Մոտրամը։
Դատավորները նշել են, որ կոմիտեն շեղվել է քաղաքականությունից՝ 2020 թվականին արքայազնի անվտանգության վերաբերյալ որոշում կայացնելիս, սակայն եզրակացրել են, որ դա «խելամիտ» էր՝ հաշվի առնելով նրա հանգամանքների բարդությունը։