3 մայիսի 2025 - 13:05 AMT
Ազատի զինկացարանում հրդեհից առաջ զինվորների հեռախոսները հավաքել էին՝ փորձաքննության էին տանելու

Ազատ գյուղում տեղի ունեցած զինվորական կացարանի հրդեհից առաջ, որը 15 մարդու կյանք է խլել, զինվորների հեռախոսներն առգրավվել էին, քանի որ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու որոշում էր կայացվել։ Մայիսի 2–ին Գեղարքունիքի մարզի Սևանի նստավայրում տեղի ունեցած դատական նիստում այս մասին հայտնել է զորամասի մարտական հերթապահության գծով տեղակալ, գործով վկա Ռադիկ Գևորգյանը։

Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհից հետո զորամասի հրամանատարը սկսել է հարևան տների միջից տեսախցիկներ փնտրել՝ հույս ունենալով պարզել, թե ինչ տեղաշարժ է եղել դեպի կացարան դեպքից առաջ, հայտնում է Aravot.am-ը։

Վկան պատմել է, որ որոնումների ընթացքում կացարանից մի քանի տուն այն կողմ բնակվող անձը նշել է, թե իր տանն իսկապես տեղադրված է տեսախցիկ, սակայն այն արդեն վեց ամիս է, ինչ չի գործում։

«Ինձ հետաքրքրում էր՝ մինչեւ հրդեհը ինչ շարժ է եղել, տարբեր տեղերից ճշտել եմ, ամեն ինչ անում էի՝ հանգամանքներն իմանանք, ով է եկել, գնացել: Ախր էդ զինվորների մի ծնող էլ ես եմ»,- ասել է հրամանատարը։

Երբ նրան հարց են ուղղել՝ արդյոք հրդեհի օրը որևէ մեքենայի տեղաշարժի մասին տեղեկություն ստացել է, վերջինս պատասխանել է. «Ասել են մեքենա եկել է, բայց իրենց մոտ չէ, փողոց, հարց ու փորձից իմացա: Սովետական մեքենա է եղել: Խաչմերուկում գտնվող խանութի մոտից եմ սկսել հարցուփորձը: Ասել են մի քանի ժամ առաջ ավտո է մտել, գնացել, 22:00-ի սահմաններում»:

Հրամանատարի խոսքով՝ ինքը նաև մեկ ուշագրավ փաստի է անդրադարձել։ Ըստ նրա՝ դեպքից երկու օր առաջ ռազմական ոստիկանությունը կացարանում հայտնաբերել է սմարթֆոն, պարզել է, որ զինվորները հետաքրքրված են թմրանյութերի առք ու վաճառքի տելեգրամյան ալիքով։ Այս բացահայտումից հետո, հրամանատարի հավաստմամբ, հավաքել են բոլոր զինվորների հեռախոսները և որոշվել է հաջորդ օրը զինծառայողներին «ԿամԱզ»-ով ուղարկել դատաբժշկական փորձաքննության։

Նա նաև նշել է, որ Եղիշե Հակոբյանը ընտանեկան խնդիրներ է ունեցել, գտնվել է խառը, անկանոն վիճակում։ Վկայի պնդմամբ, ինքը ուրիշներից լսել է, որ Եղիշեն նաև հաշիշ է օգտագործում, թեև անձամբ նման բան չի տեսել։ Հրամանատարը նշել է, որ Եղիշեն զորացրման զեկուցագիր է ներկայացրել՝ հայտնելով, որ այլևս չի կարող շարունակել ծառայությունը, վիճակը խառն է, ու նախատեսված է եղել, որ դեպքից մոտ հինգ օր առաջ նրան պետք է տեղափոխեին կամ զորացրեին։

Տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը Սևանի նստավայրում կայացած դատական նիստից հետո նշել է, որ եթե զինծառայողները քնած չեն եղել, պետք է պարզել, թե ինչով են նրանք զբաղված եղել, որտեղ են գտնվել ու ինչու չեն կարողացել կացարանից դուրս գալ, գրում է Aravot.am-ը։

Որպես վկա հարցաքննված զորամասի հրամանատար Գևորգյանն ասել է, որ մահացած զինվորներից միայն մեկն է եղել մահճակալի վրա։

«Ես գնալով համոզվում եմ, որ տուժող կողմի կասկածները տեղին են և պետք է արձանագրենք, որ վարույթ իրականացնող մարմինն այս գործի նախաքննության ընթացքում չիրականացրեց համակողմանի քննություն, որի արդյունքում հնարավոր կլիներ հերքել կամ հաստատել շրջանառության մեջ դրված բոլոր վարկածները»,- շարունակել է Նորիկյանը։

Նորիկյանը անդրադարձել է նիստում բարձրացված այն հարցին, թե զոհված զինվորներից մեկն իր ծնողին նախօրոք հայտնել է, որ զորամասում դիզվառելիք է գողացվել տարբեր ներկայացուցիչների կողմից, և այդ գողության շղթան հասել է մինչև պաշտպանության նախարար ու վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Նա ընդգծել է, որ նախաքննությունը պարտավոր է եղել ճշգրտել՝ համապատասխանում է արդյոք այդ տեղեկատվությունը իրականությանը։ Նիստի ընթացքում վկա հրամանատար Գևորգյանը, սակայն, բացառել է զորամասում դիզվառելիքի ապօրինի շրջանառության և գողության առկայությունը։

«Նման խնդիր կատարած անձանց գիտե՞ք՝ ես ոնց կպատժեմ»,- արձագանքել է հրամանատարը։

Երբ Նորիկյանը փորձել է պարզել, թե ինչպես է իրականացվել գողությունը, հրամանատարը նշել է, որ նման հարցերով ինքը չի զբաղվել, գաղափար չունի ինչպես է այն արվում և չի տիրապետում գողության վերաբերյալ որևէ տեղեկության։

«Բանակից գողացողը ամենաքիչը Ալիևի տղեն պետք է լինի»,–ասել է նա։

Դեպքը տեղի է ունեցել 2023–ի հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։